Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը բացարձակ պրովոկացիոն փորձ է. Հ. Նաղդալյան

Հունիսի 23-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը ենթադրում է լինել բավական բուռն, Ադրբեջանը ստանձնելու է ԵԽԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, ինչի կապակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը.: Այս եւ վերջին շրջանում Ադրբեջանի շուրջ ԵԽԽՎ-ում ծավալվող մի շարք իրադարձությունների մասին զրուցեցինք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:
-Տիկին Նաղդալյան, եկող շաբաթ ԵԽԽՎ-ում Դուք կստանձնեք հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, բայց պետք է ասել, որ բավական փորձություններով աշխատանքային սկիզբ է սպասվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այս տարի ստանձնելու է ԵԽԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, հետեւաբար մտավախություն կա, որ այդ երկրի ղեկավարությունը ամեն կերպ կօգտագործի այդ ամբիոնը՝ իր երկրի շահերին ծառայեցնելու համար: Առավել եւս, որ մինչ նստաշրջանը, հարեւան պետությունն արդեն անցել է իրեն բնորոշ սադրիչ դիրքավորմանը, նկատի ունեմ վերջերս Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստի ընթացքում հրահրած խարդավանքները, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակության կողմից ԵԽ ԽՎ քարտուղարությանը ներկայացրած Ելհան Սուլեյմանովի հեղինակած բանաձեւի նախագիծը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի:
Ձեր դիտարկումները.
– Պետք է ասեմ, որ սա ադրբեջանական պատվիրակության կողմից բացարձակ պրովոկացիոն փորձ է: Խորապես հասկանալով, թե ամբողջ Եվրոպայի կողմից իրենց ուղղված ինչպիսի գնահատականներ կան, հիշեցնենք, որ ամբողջ եվրոպական մամուլը հեղեղված է Ադրբեջանում ժողովրդավարության խախտումների, անօրինականությունների, անհանդուրժողականության մթնոլորտի արձանագրություններով, ինչպես նաեւ հենց Բաքվում տեղի ունեցած նիստի ժամանակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանին խիստ քննադատության արժանացրեց մարդու իրավունքների հետընթացի, հասկարակական կազմակերպությունների աշխատանքի ծանր պայմանների, իրավապաշտպանների ձերբակալման եւ այլ առիթներով: Ուրեմն գիտակցելով այս իրավիճակը, օգտագործում են մի տակտիկական հնարք, որպեսզի Ադրբեջանում խոսքի, մամուլի, հիմնարար ազատությունների այդ աղաղակող ոտնահարումների փաստից ուշադրությունը շեղեն այլ ուղղությամբ: Հայասատանի դեմ պատժամիջոցներ կիրառելու եւ հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկում մտահոգիչ է ոչ այնքան բուն առաջարկը, որքան Ադրբեջանի շարունակական փորձերը՝ ԵԽԽՎ հարթակը օգտագործելու որպես հակահայկական քարոզչության ամբիոն, թեեւ այդ ամենը բարձրաձայնվում է ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլեւ միջազգային այլ խորհրդարանական վեհաժողովներում կամ միջազգային համագործակցության տարբեր ձեւաչափերում: Բոլորովին վերջերս մենք տեղեկացանք նաեւ Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ձեւաչափում իրենց պահվածքի մասին, եւ պետք է ասել, որ սա հենց նույն քաղաքականության դրսեւորումներն են: Իրենց հաջողվել է բավական մեծ թվով՝ շուրջ 5 տասնյակից ավելի պատգամավորների ստորագրություն հավաքել եւ դա իսկապես մտահոգիչ է, թեեւ ես կարծում եմ, որ ոչ միայն եվրոպացի մեր գործընկերների սթափ եւ ողջամիտ պահվածքը կարող են մեզ համար կռվան լինել, նաեւ այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է: Այն առաջին հերթին չի տեղավորվում տրամաբանության որեւէ շրջանակներում, որովհետեւ այն ակնարկը, որն իրենք անում են՝ համեմատական անցկացնելով Ռուսաստանի եւ Ղրիմի իրողության հետ, բացարձակ անտեղի է մեր դեպքում: Երկրորդը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը 2001 թ-ին անդամակցել են Եվրոպայի խորհրդին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հիմնական իրադարձություններից շուրջ 7-8 տարի անց՝ ստանձնելով երկուստեք պարտավորություններ՝ աջակցելու կոնֆլիկտի կարգավորման գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության, երկրի ժողովրդավարացման, օրենքի գերակայության, ուղղությամբ: Բացահայտ է մեկ բան՝ նախապես ստանձնած իր հանձնառությունների ճանապարհին Ադրբեջանն այսօր հետ է շարժվում, ոչ առաջ, իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտի կարգավորմանը, ապա միանշանակ է, որ նման բանաձեւը էականորեն վտանգելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգայնորեն համաձայնեցված ձեւաչափում ընթացող բանակցային գործընթացը, հետեւաբար այլ կերպ, քան սադրանք որակել սա անհնար է:
-Ի՞նչ եք կարծում երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում ադրբեջանական կեղծ քարոզչությունը եւ նավթադոլլարները եղանակ կստեղծե՞ն եւ արդյո՞ք բավարար կարելի է համարել ԵԽԽՎ-ի կողմից արդեն կիրառված սանկցիան՝ Ադրբեջանում երկու տարի չանցկացնել ԵԽԽՎ հանձնաժողովների , կոմիտեների եւ ենթահանձնաժողովների նիստերը, որի առիթը Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքենին ,,persona non grata,, հայտարարելն էր, ինչ է թե վերջինս ,,հանդգնել,, էր այցելել Ղարաբաղ:
– Ադրբեջանը ԵԽԽՎ նախարարների խորհրդում ստանձնում է նախագահությունը՝ մարդու իրավունքների բացարձակ հետընթացի, հակաժողովրդավարական քայլերի միջավայրում, որի ամենացցուն արտահայտումը Եվրոպայի խորհրդի Բյուրոյի նիստը Բաքվում անցկացնելու ընթացքում ԵԽԽՎ նախագահի տեղակալ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Ադրբեջան արգելելու նախադեպն էր, ինչը բացառիկ երեւույթ է: ԵԽԽՎ-ի պատմության ընթացքում, կարծում եմ, նման բան չի եղել: Սա բացարձակ աննախադեպ իրողություն է հատկապես նախարարների խորհրդում ղեկավարություն ստանձնած երկրի դեպքում: Եվրոպայի Խորհրդի ,,Արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին Գլխավոր Համաձայնագիրը,, իր 13-րդ հոդվածում սահմանում է, որ ոչ մի վարչական կամ այլ սահմանափակում չի կարող կիրառվել Խորհրդակցական Վեհաժողովի ներկայացուցիչների կամ նրանց փոխարինողների աշխատանքային գործուղումների ընթացքում նրանց ազատ տեղաշարժի վրա: Երկու տարի առաջ Ադրբեջանը նույն կերպ լկտիաբար արգելեց Գերմանիայի այն ժամանակվա պատվիրակության ղեկավար Շտրասերի մուտքը, ով Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով համազեկուցողն էր, եւ սա արդեն երկրորդ դեպքն է: Կարծում եմ, որ այստեղ ԵԽԽՎ-ի կողմից կիրառված ստանդարտ պատժամիջոցը՝ երկու տարի արգելել տվյալ երկրում ԵԽԽՎ Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի անցկացումը, բավականին մեղմ է, որովհետեւ, օրինակ, 2013 թվականին այդ նույնը կիրառվել է Վրաստանի նկատմամբ, բայց այսպիսի նախադեպ, երբ դա տեղի ունենա նախագահող երկրի կողմից , Բյուրոյի նիստի ժամանակ եւ խոչընդոտի Բյուրոյի անդամի մասնակցությունը նիստին, արդեն լուրջ նախադեպ է եւ արժանի է ավելի խստիվ վերաբերմունքի: Ես նաեւ, որպես նախկինում ԵԽԽՎ ռեգլամենտի հարցերի հանձնաժողովի անդամ, կարծում եմ, որ խնդիրը արժանի է ռեգլամենտի հանձնաժողովում քննարկումների եւ առաջարկությունների, քանզի ընդամենը 3-4 տարվա ընթացքում երկու անգամ նման երեւույթ արձանագրելը արդեն խոսում է եվրոպական արժեքների եւ սկզբունքների նկատմամբ շատ լուրջ արհամարհանքի մասին:
ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է նաեւ այն երեւույթը, երբ նախագահող երկիրը փորձում է օգտագործել նախագահողի հանգամանքը ոչ թե իր երկրի, իր հասարակության զարգացման խնդիրների լուծման հեռանկարների համար, ասենք ինչպես դա եղավ Հայաստանի եւ բազմաթիվ այլ երկրների դեպքում, այլ իր հակառակորդի հետ հաշիվներ մաքրելու, կամ նրա նկատմամբ առավելություն ձեռք բերելու ուղղությամբ: Կարծում եմ, որ այս հանգամանքները անպայմանորեն նկատվելու եւ գնահատվելու են եվրոպացի խորհրդականների կողմից: