25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան, որը վերջին 2 տարվա ընթացքում նման մակարդակով առաջին այցն էր ՀՀ և ուշագրավ էր հատկապես այն հանգամանքով, որ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարաձայնությունների, ինչպես նաև՝ որոշ դրական լուրերի ֆոնին: Սակայն ընդհանուր առմամբ այցը գնահատվեց հաջողված, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին իր նախկին կոշտ դիտարկումների, հանդես եկավ էապես դրական տոնայնությամբ: Ինչո՞ւ: Ի՞նչ է փոխվել այս կարճ ժամանակահատվածում:

– Սերգեյ Լավրովի այցի գլխավոր ձեռքբերումը նոր առաջընթացն է ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համագործակցության հարցում: Դա կարևոր է, առավել ևս, որ այս հարցը մինչ այսօր լուծված չէ` չնայած այն հանգամանքին, որ այդ լաբորատորիաները հայտնվել են Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Սերժի ողջ «ժառանգությունը» 90 տոկոսով մերժվում է Փաշինյանի կողմից, ուստի տարօրինակ էր այս երկարաձգումը, և այդ տարօրինակությունը մասնակիորեն հաղթահարվում է, երևան են գալիս որոշ պայմանավորվածություններ: Սա գլխավոր ձեռքբերումն էր:

Չենք կարող չնկատել այն, որ Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը, լեքսիկոնը, ես կասեի՝ նույնիսկ էմոցիաներն աննախադեպ էին: Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ հաղթանակ է, եթե չհաշվենք բիոլոգիական լաբորատորիաների շուրջ համագործակցությունը, որոնցով ռուսական մի շարք գերատեսչություններ զբաղվում էին արդեն վաղուց:

– Դուք կարծում եք, որ ռուս մասնագետների մուտքը բիոլոգիական լաբորատորիաներ նախատեսող հուշագրի պատրաստում հաղթանակ չէ՞ ռուսական կողմի համար:

– Դա լավ արդյունք է, դրանով կարելի է հպարտանալ, բայց հռետորաբանությունը, լեքսիկոնը, ինչպես ասացի, զգացմունքները և նույնիսկ Լավրովի հիացմունքը, անկասկած, չափից ավելին էր ու զարմանալի:

– Ըստ Ձեզ՝ կա՞ն պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտե՞նք:

– Ոչ, ես կարծում եմ, որ Լավրովի հիացմունքը չի համապատասխանում նրա այցի փաստացի արդյունքներին: Այդ հիացմունքը հայկական կողմը պետք է իսկապես ճիշտ իմաստավորի և մեկնաբանի:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այդ հիացմունքի հիմքում, ինչպես Դուք եք նշում:

– Լավրովի հիացմունքը նշանակում է՝ ՌԴ իշխանությունների ծայրահեղ դրական տեսակետ, ծայրահեղ դրական, կա ծայրահեղ բացասական, կա միջին, չափավոր և այլն, այսինքն՝ այդ հիացմունքը կրում է հռետորաբանական բնույթ: Դա դատարկ հռետորաբանություն է: Դրա ետևում իրականություն չկա: Ինչո՞ւ Լավրովը ցանկացավ վերցնել իր վրա բարի հետաքննիչի դերակատարություն: Կարծում եմ՝ այն պատճառով, որ առաջին հերթին՝ Լավրովը ցանկանում է ամրապնդել սեփական անձնական իշխանական դիրքերը: Դա նրան հարկավոր է հատկապես ներկայումս, երբ ԱԳՆ համակարգում նախկին անդրկովկասյան համակարգողը՝ Գրիգորի Կարասինը, սկզբից անցավ թոշակի, իսկ կարճ ժամանակ անց վերադարձավ պաշտոնի և դարձավ ՌԴ-ի հատուկ ներկայացուցիչը Վրաստանի մասով: Իհարկե, սա ուժեղ, տհաճ ներարկում էր Լավրովի ԱԳՆ-ին, և Լավրովն իրավաչափորեն զգում է մրցակցություն, առավել ևս, երբ Կարասինի գործունեության արդյունքները Վրաստանի ուղղությամբ հնարավոր չէ համարել փայլուն: Լավրովը ցանկացավ ներկայացնել իր այցը Երևան՝ որպես հզոր, արդյունավետ:

Մի շարք գերատեսչություններ, թե որոնք՝ չեմ մանրամասնի, շատ հարցեր ունեն Փաշինյանի քաղաքական գծի վերաբերյալ, և մեր երկկողմ հարաբերությունների գլխավոր ձեռքբերումը ներկայումս ռազմական համագործակցությունն է: Բայց ռազմական համագործակցությամբ Լավրովը չի զբաղվում: Հիշեցնեմ, որ այս այցից առաջ ՀՀ-ում էր ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով Ձեր պաշտպանության նախարարի հետ համաձայնության եկավ կրկնապատկել Գյումրիում գտնվող ռազմաբազայի ռազմական ներուժը, որը վառ ձեռքբերում է:

– Մենք այդ հարցն օրեր առաջ քննարկել ենք, սակայն չպարզաբանեցիք, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա:

– Թուրքիան վաղուց ճգնաժամային փուլ է թևակոխել, և, ցանկանաս թե ոչ, պետք է պահես հավասարակշռությունը: Բայց մինչ այժմ ՀՀ քաղաքական իշխանությունը հիացմունք չի հայտնել կրկնապատկման առնչությամբ: Ինչո՞ւ, շատ պարզ, քանի որ այդ փաստն իր մոտ հիացմունք չի առաջացնում: Անկեղծ իշխանություն է:

– Հիացմունք չկա, բայց դեմ դիրքորոշում էլ չկա, որի արդյունքում ռազմական ներուժը չէր կրկնապատկվի:

– Իսկ թող որևէ մեկն ասի, որ դեմ է: Դա սկանդալ կլիներ: Իսկ ներկայումս սա մնացել է նախարարությունների մակարդակով. ամեն դեպքում սա քաղաքական մակարդակ չէ: Վերադառնալով գլխավոր թեմային՝ ասեմ, որ Լավրովին հարկավոր էր իր գերատեսչության մասով ցույց տալ աղաղակող արդյունք, բայց այն ստացվեց աղաղակող միայն հռետորաբանությամբ: Բացի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից, վառ արդյունքներ չկան մեր երկկողմ հարաբերություններում, և ես Ձեզ ասել եմ, որքան էլ որևէ մեկի համար սա տհաճ լինի, բայց երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը երկրի, ժողովրդի հետ է, ոչ թե իշխանության: Եթե Ռուսաստանն արձագանքեր ՀՀ իշխանության հնչեցրած բոլոր մտքերին, այդ հարաբերությունները պարզապես չէին լինի:

– Պարոն Կոլերով, գուցե ՌԴ ԱԳՆ ղեկավարը գնահատում է վերջին շրջանի բոլո՞ր դրական ձեռքբերումները միասին վերցրած, և գուցե ՀՀ իշխանությունների քաղաքական գի՞ծն է ավելի ընկալելի դարձել ռուսական կողմի համար: Ի վերջո, անմիջապես իշխանությունը ստանձնելուց հետո առավել հաճախակի էր խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչ թե ռևերանսների, այլ հստակեցումներ մտցնելու մասին, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշռման նպատակով, սակայն Ռուսաստանին ընդառաջ քայլեր են արվում:

– Ուզում եք ասել, որ Լավրովի հիացմունքը պայմանավորված է Շոյգուի հաջողություններո՞վ: Ես այդպես չեմ կարծում, Բոլորը գիտեն, որ դա Շոյգուի հաջողությունն է, և այստեղ Լավրովի հիացմունքն ավելորդ է: Երկրորդ՝ ես չեմ տեսնում սկզբունքային արտաքին քաղաքական տվյալներ այն մասին, որ Փաշինյանի Հայաստանը հրաժարվել է բազմավեկտորությունից: Ես սպասում եմ, թե երբ Լավրովը կմեկնաբանի սեփական հիացմունքը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ