27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը

Անցած շաբաթ գործող Կառավարության «սուպեր-նախարար» Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական Ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս «անդաստիարակության» մեջ։ Այս մասին գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Փորձելով իր անձի շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել եւ հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդեն ծեծված հռետորաբանությունը, նա հասավ միայն հակառակ արդյունքի, ուժեղացնելով հանրային դժգոհության ալիքը։ Բանը հասավ նրան, որ նրա գործողությունները ստիպված էր բացահայտ պաշտպանել վարչապետ Փաշինյանը, հընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով ավելի սրելով իրավիճակը։

Եթե փոքր ինչ վերացարկվենք կոնկրետ իրավիճակից, որը առիթ դարձավ ՀՅԴ Երիտասարդական թեւի հանրային բողոքի համար, ապա պետք է փաստել, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վաղուց արդեն առաջացնում է հայ հասարակության զգալի մասի տարակուսանքը, եւ ընդամենը թեթեւ կայծ էր պետք, որպեսզի այն վերածվեր բացահայտ հանրային բողոքի։ Նշեմ ընդամենը նրա «սխրագործություններից» մի քանիսը՝

ա) Նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Արայիկ Հարությունյանը կոպիտ եւ անապացույց մեղադրանքներով հանդես եկավ «Այբ» կրթական հիմնադրամի եւ նրա ղեկավարության հասցեին։ Այս Կառավարության համար արդեն սովորական դարձած ոճով, նա նաեւ անմիջապես հիմնադրամի ստացած միջոցների ծախսման աուդիտ նախաձեռնեց, սակայն այն միայն փաստեց հիմնադրամի գործունեության արդյունավետությունը եւ թափանցիկությունը։ Մինչեւ հիմա, Արայիկ Հարությունյանը ներողություն չի խնդրել հիմնադրամի ղեկավարությունից եւ բազմաթիվ աջակիցներից, ոչ էլ հանրայնացրել է այդ աուդիտի արդյունքները։

բ) Մինչեւ «սուպեր-նախարար» դառնալը, Արայիկ Հարությունյանը Երեւանի Պետական Համալսարանի շարքային դասախոս էր (ենթադրաբար, գիտական ասպարեզում ավելին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամենը 6 գիտական հոդվածի հեղինակ է)։ Պատասխանատու պաշտոն ստանձնելուց հետո, նա նմանատիպ սկանդալային արշավանք սկսեց ԵՊՀ ղեկավարության դեմ, չխորշելով վիրավորանքներից եւ պիտակավորումից, եւ թունավորելով մթնոլորտը մայր ԲՈՒՀ-ում։ Այս ամենի արդյունքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ի վերջո հրաժարական տվեց, մինչեւ հիմա նրա փոխարեն նոր ռեկտոր չի ընտրված, լուրեր են պտտվում, որ Արայիկ Հարությանը այդ կարեւոր պաշտոնը «պահում է» իր անձնական պրոտեժեի համար, թեեւ զուգահեռ չի դադարում խոսել «ԲՈւՀ-երի ապա-քաղաքականացման» անհրաժեշտության մասին։

գ) Արայիկ Հարությունյանի օրոք փաստացի լուծարվեց Կրթության ազգային ինստիտուտը՝ առանց հստակ հիմնավորման, թե ով եւ ինչպես է այսուհետեւ զբաղվելու կրթական ծրագրերի փորձաքննությամբ, կրթության մեջ մանկավարժական նոր մոտեցումների փորձարկմամբ, եւ ուսուցիչների վերապատրաստմամբ։ Ներկայումս բարձր որակավորմամբ երեք հարյուրից ավել աշխատակիցներ հայտնվել են փողոցում՝ առանց սեփական ճակատագրի մասին հետագա պատկերացման, իսկ նրանց գործառնությունները այլեւս չեն իրականացվում։

դ) Կրթական գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել էր «Այբ» հիմնադրամի եւ ԿԳՆ համատեղ ջանքերով, եւ հնարավորություն էր տալիս Հայաստանի ավագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարվա ընթացքում մոտեցնել համաշխարհային լավագույն ստանդարտներին, կասեցվել է՝ եւս անորոշ հեռանկարով։ Նախարարությունը փոխարենը ոչ մի բան չի առաջարկել (եւ դժվար թե առաջարկի), զրկելով մեր երեխաներին որակյալ կրթություն ստանալու եւ աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվելու հրաշալի հնարավորություննից։

ե) ԲՈՒՀ-երում հայոց լեզվի եւ պատմության առարկաների պարտադիր դասավանդումը դադարեցնելը Արայիկ Հարությունյանի հերթական վիճելի նախաձեռնությունն է։ Թեեւ այն ունի որոշակի թեր եւ դեմ կողմեր, մասնագետների մեծամասնությունը հակվում են այն մտքին, որ Հայաստանի պայմաններում, երբ դպրոցական կրթության մակարդակը խիստ անհամասեռ է, այն վնասակար է, եւ կարող է բերել երիտասարդության լեզվական գիտելիքների հետագա վատթարացման։

զ) Ի լրումն կրթական ոլորտում կատարած վիճահարույց քայլերի, Արայիկ Հարությունյանը հասավ Մշակույթի նախարարության լուծարմանը, եւ փաստացի որպես կցորդ Կրթության եւ Գիտության նախարարության հետ նրա միավորմանը։ Այդ պահից սկսած, այս Սուպեր-նախարարությունը ֆինանսավորել է մի շարք էսթետիկ եւ արժեքային իմաստով կասկածելի (մեղմ ասած) մշակույթային ծրագրեր, որոնք եւ վերջին շրջանում հանրային դժգոհության առիթ են դարձել։ Դրան գումարվում է Արայիկ Հարությունյանի անձնական հայտարարությունները, որոնցում նա անթաքույց պաշտպանում է այդ նախաձեռնությունները, ի ցույց դնելով սեփական նախապատվություները։

է) «Սուպեր-նախարար» դառնալուց ի վեր, Արայիկ Հարությունյանի անձնական վարձատրությունը մեկ ու կես տարում պաշտոնապես աճել է մոտ 10 անգամ, նա ԵՊՀ շարքային դասախոսից թռիչքաձեւ դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար՝ շրջանցելով բազմաթիվ միջանկյալ մակարդակները։ Նույն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրությունները աճել են առավելագույնը 10 տոկոսով (այն էլ ոչ ամենուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առավել ցածր վարձատրվող մասնագիտական խմբերից մեկը, նրանց միջին աշխատավարձը հանրապետության միջին աշխատավարձից առնվազն երկու անգամ ցածր է, եւ էական փոփոխություն չի նախատեսվում նաեւ 2020 թ․ բյուջեով։

Մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում, Արայիկ Հարությունյանը հասցրել է իր գործունեությամբ այնքան հարցեր ծնել, որ շատերի համբերության բաժակը այսօր լցվել է, եւ նրա հրաժարականի պահանջը դարձել է ստեղծված իրավիճակին բնական արձագանք։ Հանուն արդարության սակայն, պետք է նշել սակայն, որ նա մենակ չի։

Պատասխանելով ՀՅԴ երիտասարդների հարցերին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կրթության եւ մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացնում է ոչ թե Նախարարը, այլ Կառավարությունը, ուստի այն էլ պատասխանատվություն է կրում այդ քաղաքականության համար։Այս անկեղծությունը գովելի է, ուստի կամ վարչապետ Փաշինյանը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերը նշած գործողությունների համար, եւ բացատրի հանրությանը, թե ինչու եւ ինչ նպատակով է այս ամենը արվում մեր երկրում, կամ էլ ընդունի, որ Արայիկ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, եւ ժամանակն է եկել հանրությանը ազատել նրա հետագա ծառայությունից։ Մինչ այդ, առաջարկում եմ ձեզնից յուրաքնչյուրին ստորեւ ավելացնել ձեր գնահատականները նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ