Մեր լավ ապրելու խնդիրը եկավ, նեղացավ՝ մինչև Արսեն Բաբայանին նստացնելը. Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ հայաստանյան ներքաղաքական գործընթացներում գործող իշխանությունը նենգափոխում է հեղափոխության գաղափարները:
«Սկզբում հայտարարվեց, որ հեղափոխությունն արվել է, որ բոլորս լավ ապրենք, հաջորդ քայլով հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է լինի արդարություն, խնդիրը նեղացվեց, բայց էլի հասկացանք, հետո ասացին՝ որպեսզի լինի արդարություն, պետք է Ռոբերտ Քոչարյանին նստացնենք, էլի նեղացավ խնդիրը, բայց էլի հասկանալի էր, հետո մեզ մատուցեցին, որ Ռոբերտ Քոչարյանին նստացնելու համար պետք է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հանեն պաշտոնից: Հիմա բացատրում են, որ Հրայր Թովմասյանին պաշտոնից հանելու համար պետք է Արսեն Բաբայանին նստացնենք: Մեր լավ ապրելու խնդիրը եկավ, նեղացավ՝ մինչև Արսեն Բաբայանին նստացնելը»:
Ըստ քաղաքագետի՝ այս ամենն արվում է ամբողջական իշխանության հասնելու համար, և չնայած նրան, որ քաղաքագիտորեն իշխանության իմաստը հենց դա է, բայց դա պետք է արվի Սահմանադրության, օրենքի սահմաններում:
«Մեր իշխանություններն այդ սահմանները չեն ընդունում: Ասում են՝ մենք հավաքել ենք 70 տոկոս ձայն, ուրեմն ամեն ինչը մենք պետք է որոշենք, սա հիմնական թրենդն է այսօր: Սկզբում գրավվեց Կառավարությունը, ապա՝ ԱԺ-ն, հիմա ճնշում է գործադրվում դատարանների վրա, չորրորդ իշխանությունը գրավելու փորձեր են անում, երբեմն՝ հաջող, երբեմն՝ անհաջող: Կա նաև Արցախում իշխանությունը վերցնելու մտադրություն»,- ասաց Ա. Ենոքյանը:
Չնայած գրեթե ամեն օր տեղի ունեցող ցույցերին ու մեկը մյուսի հետևից ձևավորվող ընդդիմադիր կուսակցություններին, Աղասի Ենոքյանը կարծում է, որ Հայաստանում ընդդիմություն չկա.
«Խորհրդարանում ունենք ֆիկտիվ խմբեր, որոնք իրենց կոչում են ընդդիմություն, բայց շատ հաճախ տեսնում ենք, որ իրենք իշխանության երկրորդ ձեռքն են, իշխանության հլու գործիքն են և իշխանության համար օրենքների նախագծեր են մատուցում: Խորհրդարանից դուրս էլ չունենք կազմակերպված ընդդիմադիր խմբեր, որոնք իշխանության հայտ կներկայացնեն: Այո, կան անհատներ, ակցիաներ են անում, բայց ձևավորված ընդդիմություն չեն»:
Աղասի Ենոքյանը պնդում է՝ ընդդիմության հայտ չեն ներկայացնում անգամ նախկին իշխանության ներկայացուցիչները: Քաղաքագետն ընդդիմության լիդեր էլ դեռ չի նշմարում:
«Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ցանկանում է դառնալ ընդդիմության լիդեր, ստեղծել իր կուսակցությունը, բայց չստացվեց: Սերժ Սարգսյանը նման հայտ չի ներկայացրել: Բազմաթիվ պոտենցիալ լիդերներ կան, որոնք դեռ ներքին կազմակերպական հարցերի մեջ են և շուտով կհայտնեն իրենց մասին: Ամենամեծ հավանականությունն այն է, որ այդ ուժը կլինի խորհրդարանից դուրս»:
Աղասի Ենոքյանը վստահ է՝ վերջնական ընդդիմություն կձևավորվի մոտակա կես տարում: