Վերին Լարսի ճանապարհը բաց է /լրացված/
Ինչպես տեղեկացնում են Henarana.am-ի վրացական աղբյուրները, հունիսի 14-ի ժամը 20.00-ից հետո կվերաբացվի Լարսի ավտոճանապարհը:
Հիշեցնենք, որ այն փակ էր մայիսի 27-ից, փլվածքի պատճառով:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել տրանսպորտի եւ կապի նախարարությունից, սակայն մամուլի պատասխանատուն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսանագերին: Մեր տեղեկություններով, նախարարության ներկայացուցիչներն այս պահին Լարսում են:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ Վերին Լարս-Կազբեկի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է:
ժամը 17.30
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, եւ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաեւ Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները:
Տեղեկացնենք նաեւ, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան:
Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության
լրատվական ծառայություն