Պարադոքս. «փողի խնդիր չունենք» հայտարարությունների ներքո փորձ է արվում կրճատել երկրի ռազմական բյուջեն
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանատվության չգոյության 7 պարադոքսները:
«Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»:
1. Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի հիմնավորումների համար: Պատասխանատվություն կրեք Ձեր ընտրության համար գոնե քաղաքական հայտարարության տեսքով:
ՀՀ քաղաքացիներին հետաքրքիր է, որպես իրենց ընտրյալ պատգամավորներ, դուք ի՞նչ կարծիք ունեք հենց նույն քաղաքացիների կողմից վճարվող հարկերից աշխատավարձ ստացող, բայց փաստացի իր աշխատավայրի գոյությունը մերժող «չաշխատող»ի մասին:
2.Պարադոքս է , երբ ԱԱԾ-ն իր գործունեության հիմնական ուղղություններին՝
ա) հետախուզական գործունեությանը
բ) հակահետախուզական գործունեությանը
գ) ռազմական հակահետախուզական գործունեությանը
դ) պետական սահմանի պահպանությանը
ե) հանցագործությունների դեմ պայքարին զուգահեռ ստիպված նաև քաղաքական իշխանության բացառապես քաղաքական շահերի իրացմամբ է զբաղվում:
Այդ ընթացքում հանրապետություն ներթափանցած շատ կասկածելի բնույթի և ծագման խմբերի կարելի է հանդիպել մեր քաղաքի տարբեր վայրերում: Ոմանք էլ Հանրապետության հրապարակում ալկոհոլա-խրախճանքային գիշերույթներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ու՞ր է պատասխանատվության զգացումը պետական շահերի նկատմամբ:
3. Պարադոքս է, երբ 2020 թվականի պետական բյուջեի ուղերձում գեթ մեկ անգամ օգտագործված չէ, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը: Սա այն դեպքում, երբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով սահմանված էր, որ «Առաջիկա հինգ տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտոնական փաստաթղթերի կտրվածքով արդեն իսկ Կառավարությունը սկսել է հրաժարվել իր իսկ կողմից հռչակված կեղծ ու արհեստական օրակարգից և ու՞ր է պատասխանատվությունը գոնե սեփական ծրագրերի նկատմամբ:
4. Պարադոքս է, երբ 2020 թվականի պետական բյուջեի ուղերձում նշվում է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի գերակայություններից է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացի շարունակականության ապահովումը»:
Մինչդեռ 2019 թվականի պետական բյուջեի ուղերձում նշված էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է հանդիսանում «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագորխությունների կանխարգելման միջազգային ջանքերում առաջամարտիկի և նախաձեռնողի դերակատարության ամրամպնդումը»:
Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլևս Կառավարության հիմնական խնդիրներից չէ:
Մինչդեռ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով սահմանվում էր, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում»: Հարց` ու՞ր է պատասպանատվությունը, թե՞ մենք արդեն հասել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
5. Պարադոքս է, երբ իշխող ուժը պետական և հանրային կառավարման մեծագույն խնդիրներից մեկը համարում էր չափից շատ ուռճացված կադրային բյուրոկրատական համակարգը, որի արդյունքում իրականացվեցին կառուցվածքային բարեփոխումներ ու, մասնավորապես, «օպտիմալացում»: Սակայն, առաջիկա տարում, համաձայն բյուջետային փաստաթղթերի, ՀՀ պետական մարմինների աշխատողների թվաքանակը կավելանա 534-ով: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ օպտիմալացման քողի տակ, պետական համակարգից անցած ամիսներին իրականացված աշխատակիցների կրճատումն ընդամենը քաղաքական յուրայինների համար պետական համակարգ մուտքի ճանապարհ հարթելուն ուղղված քայլ էր՝ իրականացված գեղեցիկ ու բարի լոզունգների ներքո: Ուր՞ է պատասխանատվությունը կրճատված աշխատակիցների նկատմամբ:
6. Պարադոքս է, երբ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկիրը նախատեսում է կրճատել իր ռազմական ծախսերն այն դեպքում, երբ հակառակորդ երկրի կողմից սպառազինությունների մրցավազքը գնալով ահագնանում է: Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս բառացիորեն հայտարարում էր, որ վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը:
Մի՞թե ռազմական ծախսերի կրճատումն է հավասարակշռության վերականգնման ճանապարհը: Արդյո՞ք պարադոքս չէ, երբ «մենք փողի խնդիր չունենք» հայտարարությունների ներքո փորձ է արվում կրճատել երկրի ռազմական բյուջեն:
7. Պարադոքս է, երբ տարիներ շարունակ իր նախորդներին բյուջետային միջոցների անարդյունավետ և ոչ նպատակային օգտագործման համար անխնա քննադատող (որոշ դեպքերում՝ նաև իրավացիորեն) ներկա իշխանությունն ինքն է սկսում այդ գործում չզիջել նախորդներին: Միայն մեկ փաստ. 2020 թվականին պարգևավճարների, դրամական խրախուսանքների ու հատուկ վճարների գծով ծախսերը 2018 թվականի համեմատ կավելանան 375 տոկոսով, իսկ ծառայողական գործողումների համար հատկացումները՝ 180 տոկոսով: Արդյո՞ք սա կոռուցիայի յուրատեսակ «օրինականացում» չի: Մի՞թե պարադոքս չի, երբ երկրում հակառակ խոստումների և ակնկալիքների սոցիալական իրավիճակը ինքնաբերաբար չի շտկվում, իսկ պարգևատրումների ու գործողումների ծախսերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են:
Շարունակելի…
Հ.Գ. Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»: