20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանց էպիտետների և ոչ հախուռն պատասխան առաջին նախագահին

՛՛Ես կարծում եմ, թերևս, չարժե ինչ-որ էպիտետներով պատասխանել առաջին նախագահին, ոտքերով կապել, ձեռքերով կապել, դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին: Իհարկե, տեսակետ է, առաջին նախագահն է ասել, որ ընդհանրապես մեզ համար ընդունելի տեսակետ չէ, բայց որ ինքն է ասել, չենք ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել՛՛,-այսօր Ազգային ժողովում ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե իսկապես սահմանադրական բարեփոխումներն, ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր գրել իր հոդվածում, ԲՀԿ-ի ձեռքերը կապելու համար են արվում, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզն է իրագործում, ապա Սահակյանը նկատեց. ՛՛Տեղին չեմ համարում այդ քննադատությունը, պարզապես ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է, և որևէ տեղ արձանագրված չէ, և մարդիկ չկան, ովքեր կկարողանան այդ տեսակետներին հակադարձել հենց այդ լեզվով, ինչ լեզվով փորձում էր հակադարձել մեր առաջին նախագահը՛՛:

 Հարցին՝ կցանկանար, որ 2018 թ-ից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնավարեր, ԱԺ նախագահն արձագանքեց. ՛՛2018-ից հետո չի կարող պաշտոնավարել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս՛՛: Լրագրողի ճշտմանը, թե որևէ բարձր պաշտոնում կցանկանար տեսնել նախագահին, Սահակյանը պատասխանեց. ՛՛Սերժ Սարգսյանը միշտ էլ մեծ դերակատարում է ունենալու, և ես դա բնական եմ համարում, և դրա կողմնակիցն եմ՛՛: Սակայն Սահակյանը վստահեցնում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը դրանից չի բխում: ՛՛Սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ այլ կուսակցությունների որդեգրած քաղաքականություն են, նաև վերջին նախագահական ընտրությունների ընթացքում, և ասեմ, որ մենք մեր դիրքորոշումներն ունենք, բայց երբեք չենք խոսում այդ դիրքորոշումներից, որովհետև մտածում ենք, որ քաղաքական ուժերի տրամաբանությունը կամ շահագրգիռ ուժերի տրամաբանությունը երբ կձևավորվի, փաստաթուղթ կլինի, մենք նաև գնահատական կտանք՛՛: 

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներ է նախաձեռնել մյուս կուսակցություններին ընդառաջ գնալու համար, Սահակյանն արձագանքեց. ՛՛Ոչ, ամբողջ մեր երկրի համար, ոչ թե ընդառաջ գնալու համար, այլ մի քանի տարբերակներ կան՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, ինչպիսին հասարակական սպառումը կլինի, այդ գնահատականներով էլ մենք քննարկումը կկազմակերպենք՛՛: 

Ինչ վերաբերում է հնչող տեսակետին, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է, որպեսզի բարձր պաշտոնում շարունակի մնալ, ապա ԱԺ նախագահը շեշտեց. ՛՛Այդ միտքն ինձ համար անհեթեթ է, որովհետև Սահմանադրությունը կա, Սերժ Սարգսյանն իր բարձր պաշտոնն ունի:

Սերժ Սարգսյանը, քանի Հանրապետականը կա, գոյություն ունի, ինքն իր մեծ դերակատարումը կունենա, վերջին հաշվով Հանրապետականը ընտրություններին պիտի մասնակցի, իսկ ՀՀԿ-ն այսօր քաղաքական ամենամեծ ուժն է, և ոչ թե սպառվում է գնալով, այլ ավելի լրացնում է իրեն, ավելացնում է ոչ թե  ուրիշների, այլ իր հաշվին, այնպես որ Սերժ Սարգսյանի դերակատարումը Հանրապետականում միշտ էլ բարձր է լինելու՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ