Ով է պատասխան տալու այս արյան համար. Իրավունք
Երեկ առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում վնասվածքով;
Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված ՙնագան՚ տեսակի զենքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն եւ պարկուճ:
«Անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել»
Նախկին ոստիկանապետի հետ կատարվածը ցնցել է նրա կոլեգաներին եւ առհասարակ իրեն ճանաչողներին: Իսկ Բջնիում, որտեղ գտնվում է նրա առանձնատունը, տեղացիները Հարությունյանին բնութագրում են, որպես հավասարակշռված, բարի, հարեւանասեր անձնավորության: Վերջինիս մոտ կանգնած աղբյուրները, ասում են, որ նախկին ոստիկանապետը շատ ծանր էր տանում երկրում ստեղծված անորոշ վիճակը: Վատ էր զգում, որ գեներալ տեղով հաճախ էին նրան ուժայինները, թեկուզ որպես վկա, հարցաքննությունների կանչում: Նեղվում էր, որ երիտասարդությունը թողնում, գնում է երկրից, որ ժողովուրդը հիասթափված է: Ասում են, շատ ինքնամփոփ, լռակյաց էր դառել, ներքին անհանգստություն կարծես ունենար:
Արդարադատության գեներալ Կառլեն Թորոսյանն էլ, ով աշխատել է Հայկ Հարությունյանի հետ, մեզ հետ զրույցում նախ ասաց.
– Ապշած եւ զարմացած եմ Հայկ Հարությունյանի հետ կատարվածից: Իր տեսակ մարդու դեպքում անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նա շատ հավասարակշռված, օրենքին հավատարիմ, օրգանի աշխատող էր: Միշտ սառը ու սթափ դատող անձնավորություն: Դրա համար եմ զարմանում:
Վերջին անգամ Հայկին տեսել եմ մոտ երկու տարի առաջ` Կոնդում, օրգանի աշխատողներից մեկի հոգեհանգստին մասնակցելիս: Շատ ջերմ բարեւեցինք, հարցրեցինք միմյանց որպիսությունը, եւ վերջ:
Խորապես ցավում եմ եւ չափազանց զարմացած եմ:
Առաջին արյունը
Գեներալի մահվան հետ կապված նախ նկատենք, որ թեեւ հենց առաջին պահին շրջանառության մեջ հայտնվեց ինքնասպանության վարկածը, սակայն շատ չանցած նաեւ խոսակցություններ լսվեցին սպանության հնարավորության մասին:
Ինքնասպանության վարկածն առաջ քաշեց հենց Քննչական կոմիտեն՝ տարածելով տեղեկատվություն. «2019 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
Նշված հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն, այսինքն՝ գոնե սկզբնական պահին սպանության վարկածի մասին խոսելու առիթ պետք է որ չլիներ: Նաեւ հաշվի առնելով, որ նման հոդվածով քրգործ, որպես կանոն, հարուցվում է, երբ վայրի նախնական զննությամբ ամեն ինչ վկայում է ինքնասպանության մասին:
Եվ ահա պաշտոնական հաղորդագրությունից շատ չանցած` շրջանառության մեջ հայտնվեցին բավականին ուշագրավ լուրեր: Համաձայն դրանց, ինքնասպանության պահին նույնիսկ ականատեսներ են եղել՝ ֆիքսելով գեներալի վերջին խոսքը. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն…»: Իսկ ահա ՔԿ-ն շտապեց ակնարկել, թե նման փաստեր չունեն:
Ավելի կոնկրետ, դիմել են սկզբնաղբյուր լրատվամիջոցներին՝ հարցաքննելու համար: Բայց այստեղ մեկ շատ ուշագրավ հարց. եթե նախաքննական մարմինը տեղյակ չէ ականատեսների մասին, ապա ումի±ց է կեսգիշերին «ահազանգ ստացվել»՝ առանձնատանը դի լինելու մասին: Ականատեսների առկայության մասին ՔԿ-ի անտեղյակությունն այն տպավորությունն է առաջացնում, որ նախաքննական մարմնի կարծիքով գեներալը մենակ է եղել առանձնատանը:
Բայց այդ դեպքում ո՞վ կարող էր կեսգիշերին տեղյակ լինել, որ դի կա, եւ ահազանգեր: Ու թերեւս նման հարցերը հերքելու համար էր, որ ՔԿ-ից այնուհետեւ տեղեկացրին. «Դեպքին նախորդող օրվա ընթացքում որեւէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»: Այսինքն, տանն էլի± մարդ է եղել: Ուրեմն նա չէ՞ր կարող նախ ահազանգել, ապա փոխանցել գեներալի վերջին խոսքը. կարող էր:
Բայց ահա այն պահից, երբ տեղեկատվություն եղավ Հարությունյանի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին, անմիջապես էլ ծնունդ առավ սպանության վարկածը, որը գեներալի այդ վերջին ենթադրյալ խոսքերին քարոզչական պատասխանի տպավորություն էր թողնում: Այսպես, սպանության վարկածի տակ չդնելով որեւէ ռեալ տրամաբանություն, փորձում էին բացատրել, թե դա ձեռնտու կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, Հայկ Հարությունյանը ոստիկանապետ էր Քոչարյանի նախագահական 10 տարիներին, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ին եւ, ըստ այդ վարկածի, կարող էր շատ ուշագրավ բաներ պատմել երկրորդ նախագահի մասին: Միգուցե:
Բայց կարող էր նաեւ որեւէ բան չպատմել կամ պարզապես ինչ-որ արտառոց պատմելու բան չունենար: Կարող էր, չէր կարող. դրանք ընդամենը արհեստական մտավարժանքներ են: Իսկ փաստը հետեւյալն է.
Տարօրինակ է, թեեւ Մարտի 1-ի գործով ոստիկանությունը հիմնական գործող կառույցն էր, սակայն Հ.Հարությունյանին որեւէ մեղադրանք չներկայացվեց, թեեւ ժամանակին սպասվում էր: Եվ դրանում տրամաբանություն կա. եթե մեղադրանք ներկայացվեր ոստիկանապետին, ապա միանգամից անիմաստ էր դառնալու այդ օրը բանակային ուժերին ներգրավելու ու նրանց միջոցով մարդկանց
սպանելու վարկածը, որը համառորեն փորձում են առաջ մղել: Թեեւ Հ.Հարությունյանը ընդամենը վկա էր, նա իր ցուցմունքներում ոչ միայն Քոչարյանին վնասող որեւէ բան չի ասել, այլ մեծապես պաշտպանել է այն տեսակետը, որը ներկայացնում է Քոչարյանը նաեւ դատական նիստերում: Այսպես, ըստ այդ ցուցմունքների, մարտի 1-ից մեկ-երկու օր առաջ տեղեկություն է ստացվել՝ Օպերայի հրապարակում զենքի առկայության մասին, որի համաձայն, գեներալի ասածով. «Կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում՝ զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»:
Բայց. «Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեխզննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել»: Եվ դրանից հետո, երբ ցուցարարները սկսել են հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ, առաջարկել են հավաքը տեղափոխել Մատենադարանի հրապարակ, սակայն. «Սակայն միջամտել է Լեւոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»: Իսկ դրանից հետո.
«Երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը:
Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից: Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել իրենց ու ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել եւ գրավել են փշալարով մեքենան:
Զեկուցել է նաեւ, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտեյլներ եւ քարեր:
Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաեւ, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաեւ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում` Լեո փողոցում…»: Գործնականում այն, ինչ պնդում է նաեւ Քոչարյանը:
Եվ ասել, թե Հ.Հարությունյանը կարող էր դատարանում փոխել Քոչարյանի գործը վարողների համար խիստ անցանկալի նման ցուցմունքը, միամտություն կլիներ. ավելի քան երեք տասնամյակի ծառայողական ստաժ ունեցող գեներալն այն անձը չէ, որ նախ` թեթեւամտորեն ցուցմունք տա կամ հետո թեթեւամտորեն դրանից հրաժարվի: Այսինքն, Քոչարյանին կարո±ղ էր ձեռնտու լինել Հարությունյանի մահը, ինչպես որ փորձում են ակնարկել սպանության վարկածն առաջ տանողները. չէ, սրանք արդեն Գյուլնազ տատին էլ տվեցին, անցան:
Փոխարենը նկատենք, որ ոմանց համար իրոք խիստ ցանկալի կլիներ մինչեւ իսկ գեներալին «պարտադրել՝ սուտ ցուցմունք տալ», ինչպես որ պնդում են լրատվամիջոցները: Իսկ եթե նման ճնշումները նաեւ համեմվեին մեր օրերում սովորական դարձած մեթոդներով, թե ծանոթ-բարեկամներիդ կբռնենք, կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ:
Բայց տեսնենք քննությունը կպարզի, թե ով վաստակաշատ գեներալին հասցրեց ինքնասպանության: