Նախագահը այցելեց “Գրանդ Հոլդինգ”
Հանրապետության Նախագահն այսօր այցելել է “Գրանդ Հոլդինգի” կազմի մեջ մտնող “Գրանդ Տոբակո” եւ “Գրանդ Քենդի” ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին:
Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ “Գրանդ Հոլդինգի” կազմի մեջ մտնող ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը` hավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձեւավորված գործարար ավանդույթներին, ինչի մասին են վկայում 2014թ. առաջին հինգ ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները: Պատասխանատուների հավաստմամբ, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ամբողջ տարվա ընթացքում:
“Գրանդ Տոբակոյում”, ըստ ընկերության ղեկավարության, 2014թ. ընթացքում պլանավորված նոր հոսքագծերի ձեռքբերման հետ կապված կստեղծվի մոտ 100-130 նոր աշխատատեղ: Հոլդինգի մյուս ընկերությունում՝ “Գրանդ Քենդիում” Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ ընկերության կողմից արտադրվող 410 ապրանքատեսականին մինչեւ տարեվերջ կհամալրվի առնվազն 15-ով:
“Գրանդ Քենդիում” աշխատատեղերի թիվը ներկայումս 3 100 է, որն ընկերության ղեկավարությունը ծրագրում է մինչեւ տարեվերջ ավելացնել եւս 150-ով: Ընդհանուր առմամբ, “Գրանդ Հոլդինգում” ներկայումս աշխատում է շուրջ 6 500 մարդ:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել “Գրանդ Հոլդինգի” ղեկավար անձնակազմի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել “Գրանդ Հոլդինգին”: