”Նոր անուններ” պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը նշում է հիմնադրման 25-ամյակը
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը ս. թ. հունիսի 1-4-ը Երևանում կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը: Ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնի հովանավոր և գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ:
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին կմասնակցեն Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալթայի և Հայաստանի մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
Այս տարի փառատոնը նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին: Այդ առիթով, փառատոնի շրջանակում հանդես կգան նաև ծրագրի անցյալ տարիների մասնակիցներ, ովքեր այսօր ճանաչված են միջազգային ասպարեզում:
Ս. թ. հունիսի 1-ին, ժամը 18:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը. պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Հունիսի 2-ին և 3-ին, ժամը 18:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պատանի երաժիշտները կներկայանան մենանվագ կատարումներով: Հունիսի 4-ին, ժամը 18:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը, որի շրջանակում պատանի մենակատարները ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ /դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/:
Փառատոնի օտարազգի մասնակիցների և հյուրերի համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր:
Ս. թ. մայիսի 31-ին, ժամը 12:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ-համերգավար Նոնա Ոսկանյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Նոր անուններ» պատանի երաժիշտների միջազգային փառատոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: