Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետեւ ընդլայնված կազմով նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման, տրանսպորտային անվտանգության ապահովման, զինված ուժերի տեղագրա-երկրաբաշխական, նավիգացիոն ապահովման եւ հումանիտար ականազերծման ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաեւ որոշ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Հավանության են արժանացել մինչեւ 2020 թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ազգային մարզաձեւերի աջակցման ու զարգացման ծրագիրը` 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրով, հիդրոօդերեւութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման, մինչեւ 2020 թ. ընկած ժամանակահատվածում դաբաղ հիվանդության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ համալիր միջոցառումների ծրագրերը:
Ի գիտություն է ընդունվել ԱՊՀ մասնակից պետությունների` մինչեւ 2020 թ. ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի եւ 2012-2014 թթ. ծրագրի միջոցառումների համալիրի իրականացման ընթացքի, Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի, մշակութային համագործակցության խորհրդի գործունեության, ինչպես նաեւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թ. եւ 2013 թ. փաստաթղթային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:
Նիստի ավարտից հետո ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվին կազմակերպված աշխատանքային ճաշին: