Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաեւ հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ համանման սերտ փոխգործակցություն կձեւավորվի նաեւ Ղազախստանի մայրաքաղաքի հետ. “Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ Ղազախստանի այլ քաղաքների միջեւ եւս գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Անշուշտ, շատ կարեւոր է, որ արդեն իսկ համաձայնեցված է Երեւանի եւ Աստանայի միջեւ եղբայրացման մասին համաձայնագիրը, որը, վստահ եմ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում կկնքվի, ու երկուստեք փոխշահավետ գործակցության ծավալումը կդրվի գործնական հիմքերի վրա”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Այիմդոս Բոզժիգիտովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի իսկապես կարճ ժամանակահատվածում երկու երկրների մայրաքաղաքները ստորագրեն եղբայրացման մասին համաձայնագիրը. “Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, եւ ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ”,- նշել է դեսպանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն