29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը կոչ է  անում զերծ մնալ կեղծ օրակարգից, համախմբվել պետության շուրջ, և պատրաստվել հերթական հաղթանակները միասնաբար կերտելուն: Այս մասին Ղարամյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք հաջողություններ, անհաջողություններ, հաղթանակներ և ձախողումներ: Ունեցել ենք առաջնորդներ, որոնց իշխանության օրոք մեր շահերն առաջ են մղվել, հաղթանակներ արձանագրվել, որոշների դեպքում էլ՝ պարտվել-կոտորվել:

20-րդ դարի 80-ականների շարժումը, ազգային ազատագրական պայքարի այս փուլը նոր զարթոնք բերեց մեր հայրենիքի երկու հատվածներին՝ Հայաստանին և Արցախին:
Խորհրդային Հայաստանը անկախություն հռչակեց, իսկ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը, այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համահունչ ինքնորոշվեց և հռչակեց ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ադրբեջանը չհամակերպվելով այդ իրողություններին՝ իր հովանավորողների հետ համատեղ, ագրեսիվ կեցվածք ընդունելով, պատերազմ սանձազերծեց նորանկախ Արցախի դեմ, որին սատար կանգնեց համայն հայությունը ՀՀ-ում և սփյուռքում:

Շուրջ 4 տարի տևած ռազմական գործողություների արդյունքում, հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը՝ ստիպելով Ադրբեջանին գնալ սկզբից հրադադարի, իսկ հետագայում՝ նաև զինադադարի պայմանագրերի ստորագրմանը:
Նոր իրողություններն ամրագրվեցին նաև Արցախի սահմանադրությամբ:

Մի փոքր նախաբանով սկսեցի, որովհետև վերջին շրջանում, քաղաքական, հանրային քննարկումներում թեմաներ են շրջանառվում, որոնք ոչ միայն արժեզրկում են մեր պատմությունն ու անցած ճանապարհը, այլ նոր վտանգներ են ստեղծում մեր պետականության համար:

Կեղծ օրակարգեր, որոնք մեզանից անկախ՝ տարբեր կենտրոնների ակտիվ ուղղորդմամբ, դաշտ են նետել այս կամ այն գործչի՝ «Արցախը ծախելու», «հողերը տալու» մասին կեղծ լուրեր:

Անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին մտածում կամ ինչի՞ էին ընդունակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսօր արդեն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է միանգամից արձանագրել՝ որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով:

Այստեղ բացառությունը ՀՀ առաջին նախագահն էր՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ով երկար ժամանակ է պնդում է, որ անհնար է Արցախը պահել ներկայիս կարգավիճակով:
Ցավոք, վերջին տասնամյակներում, անընդհատ փորձ է արվում Արցախը կռվախնձոր դարձնել՝ մի կողմից իշխանության ձգտողների, մյուս կողմից՝ իշխանություն պահողների համար: Ու այս համատեքստում, «հող հանձնելը», դարձել է բոլոր իշխանությունների ներկայացվող ամենամեծ ու ամենածանր մեղադրանքը: Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա:

Ավելին՝ ես կարծում եմ, որ քանի ժողովուրդը պայքարում է, քանի ժողովուրդը գաղափարապես, արժեքային առումով տրամադրված է իր հաղթանակը պահելու, ապա ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր՝ ավելի վաղ հռչակած նպատակներից:

Այլ բան է, որ եթե մենք քանդենք մեր պետականության հենասյուները, ավերենք մեր եկեղեցին, թուլացնենք մեր բանակը, պառակտենք մեր հասարակությունն ու հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայությանը, ապա մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի, երկրների համար նույն՝ «հողերը հանձնելու» պարարտ հող կստեղծենք:

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, առողջ լիցքեր հաղորդել դեպի հասարակություն, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը, առավել բարձր հիմքերի վրա դնենք բանակաշինությունը:

Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա»:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ