ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան
ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտելու համար։
«Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրորթյուն, որից առավել բան ես ասել չեմ կարող։ Բայց հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, միմյանց հետ համագորակցելով, իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով Մարտի 1-ի գործով առաջին ձերբակալության մասին։
Արթուր Վանեցյանը նշեց՝ կանխատեսումներով չի կարող զբաղվել, կլինեն փաստեր ու բացահայտումներ, որի մասին հանրությունը կտեղեկացվի։
Հարցին՝ ԱԱԾ-ից անհետացած նյութերն արդյոք վերաբերու՞մ են Մարտի 1-ին ու դրա վերաբերյալ քրեական գործ հարուցվե՞լ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի»։
Արթուր Վանեցյանն նշեց՝ շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում, որն առաջիկայում կավարտվի ու կփոխանցվի քննչական մարմին։
ԱԱԾ տնօրենը չհստակեցրեց՝ անհետացած փաստաթղթերը վերաբերու՞մ են Մարտի 1-ի իրադարձություններին, թե՞ ոչ։