Ուորլիքը նոր բան չասաց. Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող՝ ժողովրդի ազատ կամքի արտահայտության միջոցով: Նման տեսակետ մայիսի 13-ին ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթին եւ համանախագահների վերջին հայտարարությանը։
“Այս սկզբունքն այլընտրանք չունի։ Այս մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները, համանախագահները: Վերջին անգամ դրանք ներկայացրել է Ուորլիքը, ու որեւէ նոր բան չասաց”,- նշեց նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ: Նա նաեւ համաձայն չէ այն տեսակետի, որ տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ։
“Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը, յուրաքանչյուրի համար կան նախադրյալներ: Յուրաքանչյուր երկիր լուծման իր ճանապարհները պայմանավորում է այդ նախադրյալներով: Մեկ անգամ չէ, որ համանախագահներն ու նրանց ներկայացուցիչները խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: Նույն մոտեցումը կար նաեւ համանախագահների վերջին հայտարարության մեջ: Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի յուրովի մեկնաբանել այդ սկզբունքները, ոչինչ չի ստացվելու“,-ասաց նախագահը: