15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի՞թե սրան էր սպասում հպարտ քաղաքացին: Ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձը. 168 Ժամ

Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։

100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է և տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։

Այս հարցն է, որն այդպես էլ պատասխան չի ստանում։ Ու կարևոր էլ չէ, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ մարդը սեփական մաշկի վրա չի զգացել հեղափոխության ազդեցությունը, վարչապետը ինչքան ուզում է, թող փաստեր բերի։ Հատկապես որ, դրանք երբեմն զավեշտի են հասնում։ Դեռ լավ է, որ վարչապետը չէր վերցրել ու իշխանությանը վերագրել նաև այն, որ, ասենք` այս տարի ցրտահարություն չեղավ, կամ տեղումներն առատ էին։

Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։ Չէ՞ որ ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ բան էր խոստանում, և ոչ միայն՝ սակագների նվազեցման առումով։ Բա հիմա ո՞ւր են այդ խոստումները։ Իշխանության գալուց մեկ տարի անց ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի խոսում այդ մասին։

Կամ՝ ի՞նչ ասել է՝ ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը։ Քիչ է մնում վարչապետը բացի պետական բյուջեն, հոդված առ հոդված կարդա ու հայտարարի, թե տեսեք՝ ինչ մեծ ձեռքբերումների է հասել իր կառավարությունը։

Բայց մի՞թե սրան էր սպասում հեղափոխության օրերին Հայաստանի հպարտ քաղաքացին։

Կառավարության աշխատանքի մասին դատում են ոչ թե թվերով ու փաստերով, այլ շոշափելի արդյունքներով։ Ինչքան էլ բազմատեսակ թվեր ու փաստեր բերվեն, միևնույն է՝ կարևորն այն է, թե Հայաստանի հպարտ քաղաքացու կյանքում ինչ է փոխվել։ Այստեղ է, որ իշխանությունները հպարտանալու քիչ տեղ ունեն։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։ Էդ որ այստեղ-այնտեղ աշխատավարձերն այդքան ճոխ-ճոխ ավելացել են, բա ինչո՞ւ միջին աշխատավարձի պատկերը գրեթե չի փոխվել։ Իշխանափոխությանը նախորդած երեք տարիներին Հայաստանում պաշտոնապես աշխատավարձ չէր բարձրացել, բայց միջին աշխատավարձի աճն այնքան էր, ինչքան հիմա է։ Ու սա մեծ ձեռքբերո՞ւմ է։

Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաև, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։ Խոսքը պաշտոնապես հրապարակվող գնաճի ցուցանիշի մասին չէ։ Նորություն չէ, որ դրանով չի որոշվում կյանքի թանկացումը։

Բնավ զարմանալի չէ, որ բերված 100 փաստերի մեջ Նիկոլ Փաշինյանը զրո տեղ էր հատկացրել տնտեսության ոլորտի զարգացումներին։ Հասկանալի է, որ դա ոչ թե նրանից է, որ վարչապետը չի կարևորում տնտեսության դերը, այլ նրանից, որ ասելիք պարզապես չկա։

Իշխանափոխության մեկ տարում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթե կանգնել է տնտեսության իրական հատվածի աճը, փոխարենը` գնալով տնտեսական աճն ավելի ու ավելի է նստում խաղային բիզնեսի վրա։ Բնավ պատահական չէ, որ արտահանելի հատվածում Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից հետո Հայաստանը միայն կորցնում է դիքերը։ Վերսկսել է երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը։ Մինչև իշխանափոխությունը գրանցվող արտահանման բարձր աճից ոչինչ չի մնացել։ Տարին սկսվել է արտաքին շուկաներում մատակարարումների կրճատմամբ։

Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հասարակությանը թյուրիմացության մեջ գցել, որ դա հանքարդյունաբերության կամ Թեղուտի հետևանք է, այդպես չէ։

«Թեղուտի հանքավայրը փակվելու հիմքով է արտահանման թվերն անկում ապրել»,- ասում է վարչապետը` մոռանալով, որ Թեղուտը չի գործում անցած տարվա հունվարի կեսերից։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Թեղուտն է պատճառը, ապա այդ դեպքում ինչո՞ւ է նվազել արտահանումը նաև այն երկրներ, ասենք` Ռուսաստան, որտեղ Հայաստանը հանքահումքային ապրանքներ չի մատակարարում։

Այնպես որ, լավ կլիներ, որպեսզի հայտարարություններ անելուց առաջ վարչապետը նախօրոք ճշտեր փաստերը։

Թե չէ ստացվում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցե թե այդ ընկերության գործունեության կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպես ասում է վարչապետը։ Վերջին մեկ տարում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ է արել է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն։

Այնպես որ, պատճառը ոչ թե «Լիդանի» ներդրումներն են, այլ կառավարության գործողությունները։ Ներդրողին անկյուն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մեկ տարում կառավարությունը, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարևոր չէ` դա կլինի դրսի, թե ներսի ներդրող։

Արդյունքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից և ոչ մեկը վարչապետը չէր նվիրել ներդրումային բումին։

Իսկ տնտեսության թռիչքաձև աճը կամ տնտեսական հեղափոխությունն ո՞ւր էր թոփ 100-ում։ Թե՞ այստեղ էլ ասելիք չկար, ու հիմա այլ բաներ են պետք հասարակությանը գրավելու կամ մոլորեցնելու համար։

Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ երկրի վարչապետը դժվարությամբ է կարողանում հիշել նույնիսկ մեկ գործարան, որը բացվել է վերջին մեկ տարում։ Այսքանից հետո պատահական չէ, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում։

Վարչապետն իր համար արդարացումներ է գտել` տնտեսությունը տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Ի՞նչ տրանսֆորմացիա, երբ տնտեսության իրական հատվածում զարգացումներ չկան։ Մշակող արդյունաբերությունը, որի մասին այդքան սիրում է խոսել վարչապետը և որի հետ կապում է տնտեսության տրանսֆորմացիան, այս տարվա առաջին եռամսյակում աճի տեմպով 3 անգամ հետ է մնացել մինչհեղափոխական ժամանակահատվածի զարգացումներից։Սա՞ է տնտեսության տրանսֆորմացիան։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ