Ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 27 մլն դոլար. փոխնախարար
Այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում մարտյան ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 11,2 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար):
Փոխնախարարի փոխանցմամբ ՝ այս կամ այն աստիճանով վնասվել են մոտ 9,2 հազար հեկտար այգիներ, որից մասնավորապես տուժել են 6700 հա ծիրանի այգիներ (8900 հա-ից) եւ 800 հա դեղձի այգիներ (1400 հա-ից):
Պետրոսյանը նշել է, որ եղանակային ռիսկերն Արարատյան դաշտում կպահպանվեն մինչեւ հունիսի 15–ը,ինչը նշանակում է, որ գյուղացիները դեռ անհանգստանալու տեղիք ունեն:
Փոխնախարարը հայտնեց, որ պետական աջակցության շրջանակում 287 գյուղի 3700 գյուղացու փոխարեն ամբողջությամբ կվճարվի հողի հարկը (ընդհանուր 278 մլն դրամ) եւ կիսով չափ ոռոգման ջրի հարկը (487 մլն դրամ): 85 միլիոնի բանջարաբոստանային մշակաբույսերի տնկիներ կտրվեն: Բացի այդ, համատեղ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության եւ աշխատանքի նախարարությունները կստանան 160 մլն դոլար՝ տուժած գյուղացիներին վճարելու համար, ինչը որոշ չափով կփոխհատուցի բերքից ստացված եկամտի կորուստը: