28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է  երկիրն  ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է.

2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ:

Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը  մտահոգիչ է և չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։

Ազգային,  ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը:

Զարգացման  ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի  արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով  զգալի է հանրային լավատեսության անկման միտումը:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը հաստատում է.

ՀՅ Դաշնակցությունը՝ համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով, շարունակելու է  գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով:

Հավատարիմ կուսակցության սոցիալիստական գաղափարախոսությանը` Դաշնակցությունը հետամուտ է լինելու հանրային համերաշխության և ընկերային արդարության հաստատման հրամայականին:

Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի և սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան` հետևողականորեն պահանջելով կառավարությունից` Հայաստանում ապահովել սոցիալական պետության  սահմանադրական պահանջի իրականացումը։

Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ