Ողբերգական ավտովթար Սյունիքում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է քարերին. զոհ, վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի A 120 XX 61 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով կին է, տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հիվանդանոցի բժիշկների կողմից։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: