Կրթությունը նաև մշակութային երևույթ է, այդ պատճառով էլ երկու նախարարությունները միավորվում են. Վարչապետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մեկնարկել է «icult.am» ծրագիրը, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների մոտ 370 հազար աշակերտ տարվա մեջ մեկ անգամ անվճար կարող է այցելել համերգասրահներ, թատրոններ և թանգարաններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա ենթադրո՞ւմ է, որ հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն է տրվում, որպեսզի պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն մշակութային օջախներ: «Ծրագիրն ուսուցիչներին ներառո՞ւմ է»,- հարցրեց վարչապետը։
ԿԳ նախարարը դրական պատասխան տվեց, ինչից հետո վարչապետը հավելեց, որ կրթությունը և մշակույթը տեսնում են նույն տրամաբանության մեջ և մշակույթին վերապահում են, այդ թվում՝ կրթական դերակատարում։
«Կրթությունը նաև մշակութային երևույթ է, սրանով է պայմանավորված նաև այն կառուցվածքային փոփոխությունները, որ ԿԳ և Մշակույթի նախարարությունները միավորվում են իրար»,- շեշտեց վարչապետը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2019-2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձի փոխհատուցում կտրվի այն ուսանողներին, որոնք ընտրել են այնպիսի մասնագիտություն, որոնց կարիքն այսօր Հայաստանն ունի։
Այս պահին առաջնահերթություն են տվել հետևյալ ոլորտները ներկայացնող մասնագիտություններին՝ գյուղատնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներին։
«Վարձի մասնակի և լրիվ փոխհատուցումից կօգտվեն 2600 բակալավր, 1300 մագիստրոս և 140 ասպիրանտ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։