«Արծիվ մահապարտներ»-ը հիշում են պատերազմի դրվագները
«Արծիվ մահապարտներ»-ի ջոկատը ապրիլյանին կրկին բարձրացել էր դիրքեր: Երեք տարի է անցել, բայց ջոկատի անդամները դեռ հիշում են ու պատմում , բայց չեն խոսում տխուր դրվագներից:
Հիշողությունների մեջ տարբեր դեպքեր կան դաջված, բայց հիշում են ամենաուրախները: Ծիծաղում են:
«Ազատամարտիկ Սերգեյ Վարդանյանի՝ հայտնի «Դեդ» -ի համար «թաղում» էինք կազմակերպել: Մի ամբողջ զորախմբով հավաքվել էինք, թե բա Դեդը մահանում է: 40 աստիճան ջերմություն ուներ։ Խունկը վառել ենք ու Աստված գիտի որտեղից ծաղիկ ենք գտել ու դրել «մահացող» Դեդի կրծքին»,- միմյանց ընդհատելով պատմում են ազատամարտիկները:
Դեդն ինքը ժպտում ու հիշում է. «Մի ամբողջ կազարմա լաց են լինում, ասի՝ թողեք կիսատ գործ ունեմ, վերջացնեմ նոր կթաղեք»:
Այսօր «Արծիվ մահապարտներ» ՀԿ-ի ղեկավար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից նույն կազմակերպության անդամ կամավորականներին պարգևատրեց «Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշանով: