27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան բանակցություններում փորձելու են ժամանակ շահել․ Լուկիանով

«ՌԴ կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- այս մասին 168.am զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերն ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ՝ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: 

Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին խոսել էր բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին՝ հույս հայտնելով, որ Հայաստանը ևս նմանատիպ դիրքորոշում կունենա։

«Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները,- ասել է նա՝ հավելելով,- Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն… Հայաստանում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին»։

Ֆյոդոր Լուկիանովի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունների համար եկել է ակտիվ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը, բոլոր կողմերից հնչող հայտարարություններն այն մասին են, որ արտաքին քաղաքական որոշ հարցեր, խնդիրներ ու թեմաներ պատշաճ ուշադրության չեն արժանացել նախորդ տարվա ընթացքում, քանի որ ռեսուրսը չի եղել։

Ըստ նրա՝ Դուշանբեի համաձայնությունը կողմերի կողմից ձեռքբերում էր, բայց բանակցային գործընթացին չէր վերաբերում, դա կարծես ՀՀ նոր իշխանություններին գոհացնելու և բանակցային գործընթացն առաջ մղելու փորձ էր։

Լուկիանովի խոսքով՝ կառուցողականության վերաբերյալ Մոսկվայի գնահատականներն Ադրբեջանի այս տրամադրվածությանն է վերաբերում, քանի որ, բացի Դուշանբեի համաձայնությունից, Ադրբեջանը փոխել է հռետորաբանությունը, պաշտոնական կարծիքներ են շրջանառվում այս տարի հակամարտության կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մասին։

«Այսինքն՝ իր կողմից՝ Ադրբեջանը ցանկություն է հայտնում օր առաջ բանակցային գործընթացը սկսելու համար, Ռուսաստանը և բոլոր միջնորդներն էլ կողմ են, որպեսզի կողմերը բանակցեն, Ռուսաստանն այս դիրքորոշման կողմնակիցն է, և ցանկություն կա գաղափարներ լսել հայկական կողմից բանակցային գործընթացի առաջմղման և կատարվելիք քայլերի մասին։

Հստակ պատկեր հայկական դիրքորոշման մասին՝ չկա, թեև կարող ենք ենթադրել, որ այն չի տարբերվում նախորդ իշխանությունների դիրքորոշումից, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական դիրքորոշումը համահայկական է և չի ճանաչում ընդդիմություն ու իշխանություն։

Ուստի չեմ կարծում, որ հայկական կողմի դիրքորոշումները կարգավորման հարցում փոխվել են, հայկական կողմի թեև սուղ հայտարարությունները՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որևէ նորություն չեն պարունակում։ Բայց նոր իշխանություններից ավելի ստեղծարար մոտեցումներ և ճկունություն են ակնկալում համանախագահ երկրները՝ նկատի առնելով, որ փոխվել են անձերը, որոնք ներկայումս ունեն հանրային աջակցություն և գուցե անեն քայլեր, որոնց նախկինները չէին գնա՝ չունենալով դրա համար ներքին աջակցություն։

Բայց, ըստ իս, իրավիճակն այդքան էլ հեշտ չէ, սա կարճ ժամանակահատվածում կարգավորվելիք հակամարտություն չէ, և նույնիսկ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու համար ժամանակ է հարկավոր»,- ասաց Լուկիանովը։

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ՌԴ դիրքորոշումը բանակցային գործընթացում փոխվել է՝ հօգուտ Ադրբեջանի, Լուկիանովը պատասխանեց, որ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, քաղաքականությունը՝ ևս։ Նրա խոսքով՝ ՌԴ անդրկովկասյան քաղաքականությունը ներառում է երկկողմ հարաբերություններ Հայաստանի, Ադրբեջանի հետ և հավասարակշռված դիրքորոշում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

«Ինչպես նշեցի, Ադրբեջանն այսօր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ավելի ակտիվ ու տարբերվող քաղաքականություն է վարում, հայտարարություններով ՌԴ-ն աջակցում է դրան, գլոբալ քաղաքականությունը և շահերը չեն փոխվել, բայց այս գլոբալ քաղաքականության մեջ կա նաև երկկողմ հարաբերությունների բաղադրիչ։

ՀՀ նոր իշխանությունների հետ այդ հարաբերությունները դեռ անհարթ չեն, և Ռուսաստանը դա ցույց է տալիս նաև որոշ ուղերձներով։ Բայց չեմ կարծում, որ դրամատիկ փոփոխություններ տեղի ունենան ոչ հայ-ռուսական հարաբերություններում, ոչ էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել»,- ասաց Լուկիանովը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ