Հյուր էին գյուղնախարարությունում
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:
Ընդգծելով մեր երկրում ՊԳԿ-ի իրականացնող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարեւորություն ունեցող հիմնահարցերը, որոնց լուծման մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է ՊԳԿ-ի օժանդակությունը:
Նշվել է հատկապես սպանդանոցների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, ծիրանի եւ խաղողի գենետիկ սորտերի պահպանման եւ օգտագործման, գյուղատնտեսական մթերքի իրացման շուկաների կազմակերպման ծրագրերի կարեւորությունը: Որպես հրատապ աջակցության խնդիր է ներկայացվել վերջին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վնասների փոխհատուցման գործում ՊԳԿ-ի հնարավոր օժանդակության ակտիվացումը:
“Մեզ համար հրատապ խնդիրներից է մնում նաեւ Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման անհրաժեշտությունը”,- նշել է նախարարի պաշտոնակատարը , խնդրելով հնարավորինս արագացնել այս հարցում ՊԳԿ-ից ակնկալվող աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՖԱՕ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացման արդյունավետությանը, պարոն Ալոնզին , կազմակերպության քննարկմանը ներկայացնելու նպատակով, խնդրել է մանրամասն հիմնավորումներ տրամադրել վերոնշյալ հիմնահարցերի վերաբերյալ: