25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրանք մտան իմ կաբինետ. նրանց գլուխ էր պետք, իմ գլուխը, զզվեցի

Հանրային ռադիոյի՝ նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրած տնօրեն Մարկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«…Նրանք մտան իմ կաբինետ

Մի քանի հոգի նստել էին նիստերի մեծ օվալաձև սեղանի շուրջ, մնացածը սեղմվել էին հեռու պատի մոտ։ 4-5 հոգի կուտակվել էր դռների արանքում։ Ես նայում էի նրանց։ Մոտավորապես 30-35 հոգու մեջ 4-5 լրագրող կային, մնացածը եթերն ապահովող աշխատողներ էին։ Լրագրողներն էլ նրանք էին, ում խորհրդային ժամանակներում վաստակավոր էին անվանում, զանազան կոչումների ու տիտղոսների տեր։ Նրանցից երեքին ես պատրաստվում էի աշխատանքից ազատել։ Կոպիտ ասած՝ որպես պրոֆեսիոնալներ՝ նրանք իրենց վաղուց էին սպառել, բայց ռադիոյում ամուր կառչած էին իրենց տեղերից և շարունակում են կառչել։ Նրանցից մեկն առանձնացավ ամբոխից։

– Մենք որոշել ենք պահանջել, որ Դուք հայտարարեք Ձեր հրաժարականի մասին,- բարձր ասաց նա։

Երևում էր, շատ վախեցած էր, բայց միևնույն ժամանակ զմայլվում էր իրենով ու իր խիզախությամբ։

– Իսկ ի՞նչ պատճառով,- հարցրի ես։

– Պատճառները շարադրված են մեր նամակի մեջ,- ասես ինձ մարտահրավեր նետելով՝ ասաց նա։

Ես, իհարկե, կարդացել էի այդ նամակը։ Այն ուղարկվել էր բոլոր հայկական ԶԼՄ-ներին ու հրապարակվել մի թերթում, ուր սովորաբար ռադիոյի մասին զանազան զզվելի բաներ են տպում։ Այն ստորագրված էր այսպես՝ «Հանրային ռադիոյի խումբ աշխատակիցներ»։

– Ես անանուն նամակներ չեմ կարդում,- ասացի ես,- չէ՞ որ դուք գիտեք, որ եթե նամակը ստորագրված չէ, այն սովորական անանուն նամակ է։

– Մենք բոլորս ենք ստորագրել այն, բոլոր ներկաներս,- բորբոքված ասաց մի երիտասարդ կին։

Դեռ անցած շաբաթ նա բարեհամբույր ինձ ժպտում էր, երբ մենք միջանցքում հանդիպում էինք։ Դեռ երկու շաբաթ առաջ ինձ տեսնելիս գրկում էր՝ հետ գցելով գանգուր գլուխը։

Եվ նրա բառերը միայն հաստատեցին այդ ուղերձի անանուն լինելը։

– Մենք եկել ենք պահանջելու Ձեր հրաժարականը,- իր սեփական խիզախությունից սփրթնելով՝ ասաց երիտասարդ տղաներից մեկը, որի գործառույթների մեջ մտնում էր զանազան գրագրություն վարելը և օրական 10-12 գրառում սոցցանցերում կատարելը։ Գլխավորապես այդ գրառումները նա վերցնում էր ռադիոյի նորությունների նյութերից։ Ես մի քանի անգամ նրան դիտողություն էի արել, որ նրա գրառումները ֆեյսբուքում պետք է հայտնվեն կայքում հրապարակվելուց մի քանի ժամ անց, այսինքն՝ կորցնելով ցանկացած օպերատիվություն։

– Դուք հրաժարական պետք է տաք հենց հիմա, քանի դեռ մենք այստեղ ենք,- հավելեց ռադիոլսողների պատվերով երաժշտական հաղորդման վարողը։

Ինձ ասել էին, որ նա դեմ չէ ռադիոն ղեկավարել։ Ձեռքում նա հեռախոսն էր բռնել։ Ընդ որում, այնպես էր բռնել, որ ես հասկացա՝ նա նկարահանում է տեղի ունեցողը, հնարավոր է, որ նույնիսկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով է հեռարձակում։

Հնչեցին էլի ինչ-որ ճիչեր։ Ես ևս մեկ անգամ նայեցի պատի մոտ կուտակված մարդկանց։ Նրանց հետ խոսակցության մեջ մտնելն իմաստ չուներ։ Նրանց գլուխ էր պետք։ Իմ գլուխը։ Զզվեցի։ Ֆիզիկապես արդեն տհաճ էր։ Մի քանի ժամ անց ես հրաժարականի դիմում ներկայացրեցի։ Դրանից կես ժամ անց ինձ մոտ եկավ բողոքող կանանցից մեկն ու խնդրեց ևս 3 ամսով երկարացնել իր հետ աշխատանքային համաձայնագիրը։

(Իմ կաբինետում հնչած ռեպլիկները կարող էին ոչ այնքան ճշգրիտ ներկայացված լինել։ Ամեն դեպքում ես չէի ձայնագրում այդ հանդիպումը։ Բայց մի՞թե դա կարևոր է)»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ