Այդպիսի ժողովրդին ոչ մի բանով հնարավոր չէ օգնել. նա կործանվում է սեփական հիմարությունից. Հայոց աշխարհ
Ինչո՞ւ են մերօրյա քաղաքացու համար խոր մտքերը, լուրջ փիլիսոփայությունն ու պատմությունը անհաղթահարելի։
Եթե երեխային տարեցտարի կերակրես վռիկ շիլայով, նա չի սովորի ծամել. կծվածքը կծռմռվի, իսկ դա ուղղում են թիթեղիկներ ու մետաղալարեր հագցնելով։
Ընդամենը հարյուր տարի առաջ մարդիկ դեռ մանկուց Աստվածաշունչ էին կարդում։ Այսօր Սուրբ Գիրքը մեծամասնությանը անհետաքրքիր է եւ անհասկանալի։ Երկար է, խճճված ու առանց նկարազարդումների։ Եթե հարյուր տարի առաջ այն հասկանալի էր, ապա մենք այս ընթացքում խելոքացե՞լ ենք, թե՞ հիմարացել։
Ողջ պատմությունը Աստծո գոյության ապացույցն է։ Եվ երբ ժողովուրդները չէին կամենում հասկանալ Նրան, գտնում են ամենապնդաճակատներին խելքի բերելու, հարկադրելու եւ համառությունը կոտրելու միջոցներ։
Նա ստիպեց Եգիպտոսին ազատ արձակել հրեաներին ստրկությունից։ Նա երկու հազար տարով զրկեց հրեաներին պետությունից։ Հիմար հրեայի տեսանկյունից՝ առաջինը չափազանց արդար էր, երկրորդը՝ հրեշավոր ու անարդար։ Բայց հիմարների հետ տաղտկալի է։ Եվ Աստվածաշունչն էլ գրել են բնավ ոչ հիմարներ։
Քաղաքակրթությունը հետ է վարժեցնում ձեռքով աշխատանքից։ Կարել, եփել, տաշել, սղոցել եւ այլն։ Բավական է կարողանալ մտցնել քարտը բանկոմատի ճեղքն ու սեղմել կոճակները։ Գուցե ճիշտ նույն կերպ էլ քաղաքակրթությունը թուլացնում է ուղեղը. մշտապես միացած համակարգիչն ու հեռուստացույցը թույլ չեն տալիս մտածել։
Իսկ եթե ժողովուրդը չի մտածում, ապա ո՞վ է նա։
Նա ոչ ոք է։ Ավելի ճիշտ, ոչ թե՝ ով, այլ՝ ինչ։ Ժողովուրդը անշունչ առարկա է։
Մեր էլեկտրոնային ժամանակների պարադոքսն այն է, որ կապը հեռացրեց մարդկանց իրարից։ Համաշխարհային ցանցը՝ ինտերնետը, երեւութական միասնություն է։ Իրականում դու տանը մենակ ես։ Մենակ ես շքամուտքում։ Մենակ ես փողոցում…
Ֆանտաստ գրողները հորինում էին ապագա, որտեղ սննդին փոխարինում են հաբերը։ Կյանքն այլ կերպ ընթացավ։ Զրույցը փոխարինեցին կոճակների սեղմումով։ Դա շփում է (ինչպես պոռնոբացիկները՝ սիրո փոխարեն) առանց աչքերի, առանց ձայնի, ինտոնացիայի, ժեստի։ Մեռած փակագիծ ժպիտի փոխարեն։
Մարդիկ դադարել են ցավ զգալ։ Իսկ ցավ չեն զգում միայն աբեռանտ հաշմանդամները։ Նրանց վերջը, որպես կանոն, տխուր է լինում։ Անհիդրոզի հետ զուգորդված անզգայունությունը ցավի հանդեպ (CIPA) հազվադեպ գենետիկ խանգարում է, որի դեպքում մարդու մաշկը չունի ցավի ռեցեպտորներ։
CIPA-ով հիվանդները զուրկ են նաեւ ցավի բացակայությունը փոխհատուցող որեւէ համակարգից։ Բոլոր դեպքերում CIPA-ով տառապող մարդիկ մահանում են ցավի բացակայության տարբեր տհաճ հետեւանքներից. այրվածքներից, կոտրվածքներից, վնասվածքներից, ինֆեկցիաներից եւ այլն։ Նրանք, որպես կանոն, տառապում են հոդերի հիվանդությամբ, քանզի սովորաբար երկար են նստում նույն դիրքում կամ անշարժ պառկում։ Այդպիսի հիվանդներից ոմանք հատուկ թայմեր են կրում, որն ազդանշանում է, թե երբ է պետք փոխել դիրքը։
Գուցե ցավ չզգացող հասարակության համար թայմերի դեր պիտի խաղա հոգի՞ն։ Հոգի՞։ Բայց նրան ոչ բոլորն են հավատում։ Անդրշիրիմյան աշխա՞րհ։ Դա աղքատների ու դժբախտների համար է։ Իսկ երջանիկն ու հարուստը ինչո՞ւ պիտի գնան այնտեղ։
Մտածել հոգու մասին՝ որոշակի իմաստով նշանակում է մտածել մահվան մասին, այն մասին, թե ինչ կլինի հետո (եթե լինի)։ Մտածել հոգու մասին, նշանակում է՝ ունենալ դա։ Բնավ ոչ բոլորն ունեն։ Շատերը ծախել են այն, որ չխանգարի։ Իսկ հոգին ծախել կարելի է ամեն տարիքում։
Պատկերացրեք որեւէ հարուստ մարդու, որը որդի է մեծացնում։ Հայրը կարող է ոչ մի բան չմերժել զավակին, հեղեղել թանկարժեք նվերներով, կատարել ամեն մի քմահաճույք։ Կամ՝ պահել նրան արժանավայել, բայց առանց ավելորդությունների, դրդել, որ սովորի վաստակել եւ գոնե մասամբ ինքնուրույն հոգա իր մասին։
Այժմ հարց. ո՞ր դեպքում երեխան կարգին մարդ կդառնա։ Կարելի է նույնիսկ չպատասխանել։
Ի դեպ, երես առածը հազվադեպ է դառնում ազնվաբարո եւ լոյալ։ Հասկանալի է, որ համեմատությունը այնքան էլ կոռեկտ չէ, բայց կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել այն երեւույթի օգտին, որ ինչքան շատ ես տալիս, այնքան ավելի ես այլասերում, այնքան ավելի մեղավոր ես այնուհետ լինում։ Ինչո՞ւմ։ Ամեն ինչում։
Իհարկե, երբ մեր վիճակը չափազանց վատ լինի, Նա օգնության կհասնի։ Բոլորին։ Բժիշկը իրավունք չունի ընտրել. հարբուխը կբուժեմ, իսկ դիզենտերիան՝ ոչ, դա զզվելի է, գարշահոտ։ Բժիշկը իրավունք չունի մերժել վեներական հիվանդին. իբր՝ չեմ բուժի անառակին։ Բժիշկը իրավունք չունի մերժել ժանտախտով կամ խոլերայով հիվանդին, թեեւ վարակվելու եւ մահանալու վտանգը չափազանց մեծ է։
Այլ հարց է, որ նույնիսկ Նա բնավ ոչ միշտ կարող է օգնել։ Հեգելը հարցնում է. «Կարելի՞ է օգնել ժողովրդին՝ իր շահամոլ քաղաքացիներով. թեթեւամիտ, գոռոզ, կռվազան, զուրկ հավատից եւ առողջ դատողությունից, շատախոս, ունայնամիտ, պարծենկոտ»։ Եվ հենց ինքն էլ պատասխանում. «Այդպիսի ժողովրդին ոչ մի բանով հնարավոր չէ օգնել. նա կործանվում է սեփական հիմարությունից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: