Արցախի խնդրի շուրջ օղակը սեղմվում է
Հրամանագրերը չուշացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրվա առաջին կեսին ստորագրեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը: Նրա փոխարեն պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը , որին պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գնդապետ Ջալալ Հարությունյանը, իսկ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս փոխատեղումներն առաջին հայացքից որեւէ կասկած ու անհանգստություն չպետք է առաջացնեն, որովհետեւ նորանշանակ զինվորականները ՊԲ-ում նոր չեն, իրենց գործի գիտակն են ու ճանապարհ անցած: Բայց, բացի այն, որ պատերազմող երկրում պաշտպանության նախարարի եւ շտաբի պետի պաշտոնանկությունները սովորական երեւույթ համարել չի կարելի, քանի որ նման պատասխանատու պաշտոնյաների փոփոխությունը պետք է խորքային ու կոնկրետ պատճառներ ունենա, անսովոր է նաեւ իրավիճակը, որի պայմաններում տեղի ունեցան պաշտոնանկությունները:
Հրամանագրերը հետեւեցին Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի երեւանյան հանդիպմանը: Ասել է թե Բակո Սահակյանը «բերման ենթարկվեց» Երեւան եւ Ստեփանակերտ հասնելուն պես ստորագրեց Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը, ինչի մասին մամուլը արդեն երեկ գրել էր: Իսկ պատճառը առավել քան ակնհայտ է ու տանում է դեպի հայաստանյան արտահերթ ընտրությունների քարոզարշավ:
«Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի աշխատանքով զբաղվելու»,-նոյեմբերի 29-ին Ճամբարակում հոխորտացել էր Փաշինյանը:
Իսկ պատճառը նոյեմբերի 26-ին Թալինում քարոզարշավի ժամանակ կարկառուն իմքայլական Սասուն Միքայելյանի աղմկոտ հայտարարություն-խոստովանությունն էր առ այն , թե «ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»: Այս հայտարարությանը հետեւեցին արցախյան արձագանքները: Լեւոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանը, Վիտալի Բալասանյանը, Սենոր Հասրաթյանը քննադատեցին Միքայելյանին :
Եվ ահա, ընտրությունները հորով-մորով անելուց հետո Փաշինյանը գործի անցավ ու փաստացի զբաղեցրած պաշտոնից հեռացնել տվեց այլախոհին: Դեռ երեկ Լեւոն Մնացականյանը Թերթ.ամ-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ պաշտոնանկության մասին տեյակ չէ եւ դիմում չի ստորագրել: «Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»,-ասել էր նա:
Այս հայտարարությունն, անշուշտ, վկայում է, որ Լեւոն Մնացականյանը «սեփական դիմումի համաձայն» չի հեռացել, ինչպես ներկայացնում է պաշտոնական Ստեփանակերտը: Ու մինչեւ ակտիվ հասարակությունը սոցցանցերում տեղի ունեցածի ռիսկերն է քննարկում ու անհանգստանում է, մինչեւ Լուկաշենկոն ասուլիսում բացահայտում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց հանձնել 5 շրջանները, Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է.
«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն, շարունակական խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ»: Լավրովը նաեւ նշել է. «Ձգտում ենք փնտրել ոչ թե հիմնարար նոր լուծում, կարգավորման հիմքերը հասկանալի են, այլ ձգտելու ենք գտնել նման տակտիկական, եթե ցանկանում եք, ստեղծագործ գաղափարներ, որոնք կօգնեն փոխզիջման հասնել»:
Այս հայտարարությունների ֆոնին հետաքրքիր է, որ ֆեյսբուքյան գրառումների սիրահար Նիկոլ Փաշինյանը Թվիթերում է գրառում կատարում.
«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»: