05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ, տուր այդ 5 շրջանները. Լուկաշենկոն բացահայտում է՝ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել հողերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների ԶԼՄ-ներին պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին, հղում անելով «Բելտա»-ին, տեղեկացնում է

Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր:

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Միաժամանակ, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:

«Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, եւ ԵՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչու եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Խոսքը Ղարաբաղի մասին է»,-հավելել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարեւորությունը, որը նաեւ կարեւոր գործոն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Լուկաշենկոն նաեւ առաջին անգամ պատմել է եւս մեկ չկայացած նախագծի մասին: Նրա ներկայացմամբ՝ խոսքը Ադրբեջանից Վրաստան ապրանքների հոսքուղու մասին է եւ Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը»:

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այն ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի նա խոսի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարը անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար: «Ես առաջարկում էի խոսել, քանի որ պետք է լուծել այդ խնդիրները: Ես խողովակն էլ կանցկացնեմ, եւ կօգնեմ վերականգնել Հայաստանը: Այն ժամանակ նրանք անսահման փող ունեին: Դրանից հետո ես գնացի Սերժ Ազատիչի մոտ եւ փոխանցեցի այդ ամենը: Նրանք էլի հրաժարվեցին: Բայց ի վերջո ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու»,-ասել է Բելառուսի նախագահը:

Շատ հավանական է, որ խոսքը եղել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության շրջանակներում աշխատանքների մասին, որով գազը Ադրբեջանից փոխանցվում է Վրաստան եւ Թուրքիա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ