Փաշինյան-մենատերը գյուտ է բոլթոնների համար. Հայոց աշխարհ
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանի քաղաքական դաշտը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխարեն նրան հետ գլորեցին 1991-ի առաջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական անոմալիաների գիրկը՝ բազմակի գերազանցելով մեր ամենահոռետեսական կանխատեսումները։
Ինչպես 1991 թվականին ՀՀՇ-ի առաջնորդը իրենով արեց ողջ քաղաքական դաշտը՝ ձեւավորելով սեփական ավտորիտար իշխանության հիմքերը, այնպես էլ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով նույն կերպ վարվեց նրա սանը՝ 2018-ի իշխանափոխությունն իրականացրած առաջնորդը։
Տարբերությունը միայն այն է, որ եթե 1991-ին երկրի նախագահի մարմնավորած ավտորիտար իշխանության հաստատման միջոցով Հայաստանի նորաստեղծ քաղաքական դաշտը դարձավ ժողովրդավարության դրոշակակիրը, ապա այժմ այն փաստորեն դուրս մղվեց նաեւ խորհրդարանից։
Ազգային ժողովում հայտնված ուժերից եւ ոչ մեկը քաղաքական դիմագիծ ու հստակ գաղափարախոսություն չունի։ Ավելին՝ «Լուսավոր Հայաստանը» դեռ երեկ նախարարական պորտֆելներ ուներ, իսկ ԲՀԿ-ն ամեն ինչ անում էր ընդդիմադիր դաշտից սահմանազատվելու համար։
Հարց է առաջանում. հիմա ո՞վ է դառնալու խորհրդարանական ընդդիմություն՝ տիրանալու սահմանադրությամբ նրան հատկացվող պատկառելի քվեներին։ Պարզ է՝ ո՛վ էլ դառնա, միեւնույն է, Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմություն չի լինելու, քանզի մեջտեղը ո՛չ գաղափար կա, ո՛չ էլ ընդդիմանալու ցանկություն։
Փոխարենը ԱԺ աթոռները զբաղեցնելու են Ն.Փաշինյանի բարեկամ-ծանոթները եւ հեղափոխական ավտոարշավների սիրահարները՝ անիմաստ դարձնելով անգամ նրանց հետ բանակցելու՝ օտարերկրյա խորհրդարանականների ջանքերը։
Հայաստանին սպասում է մի ժամանակաշրջան, երբ Ազգային ժողովում որոշակի գաղափարների վրա հիմնված իշխանության ու ընդդիմության բացակայության պայմաններում բոլոր հարցերը մեխանիկորեն լուծելու է կառավարությունը։ Բայց այստեղ էլ վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, քանզի հեղափոխության ալիքի վրա նախարարական պորտֆելների տիրացած քաղաքական դեռահասները անցած 7 ամիսների ընթացքում ուղղակի ավերներ են գործել իրենց գլխավորած ոլորտներում։
Պարզ է, որ ստեղծված պայմաններում միակ ռացիոնալ լուծումը նրանց գործուղումն է Ազգային ժողով եւ փոխարենը պրոֆեսիոնալ հատկանիշներ ունեցող մենեջերների նշանակումը։ Սակայն դա նույնպես բարդ գործ է լինելու Ն.Փաշինյանի համար, քանի որ թիմով իշխանությանը տիրացածների միջավայրում միշտ էլ գործում է ոհմակի համերաշխության սկզբունքը, որը չի ընդունում օտարականին, մանավանդ երբ վերջինս խելոք է ու փորձառու։
Նման պայմաններում 2018-ի իշխանափոխության առաջնորդին թերեւս մնում է, իր ուսուցչի փորձն ընդօրինակելով, նոր ՀՀՇ-ից մի նոր ԱԺՄ առանձնացնելու տարբերակը, թերեւս Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ներկա պահին հայտնվել է ժողովրդի եւ իր թիմի միջեւ ընտրություն կատարելու երկընտրանքի առաջ։ Ժողովրդի շահը պահանջում է ազատվել հեղափոխական թիմից, սակայն իշխանությունը պահելու ոհմակային սկզբունքը իր օրենքներն է թելադրում։
Մինչդեռ ժամանակը, որը հատկացված է Ն.Փաշինյանին, այլեւս չի սպասում, ուստի եթե մինչեւ գարուն նա չկարողանա ձեւավորել պրոֆեսիոնալներից կազմված կաբինետ, ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում արդեն ինքը կստանա նոր հեղափոխություն՝ «դուխովի» փոխարեն՝ «խելքով» կարգախոսով։
Այս ակնհայտ մարտահրավերի գոյությունը ցույց է տալիս, որ չէին սխալվում բոլոր նրանք, ովքեր նախքան դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ապագա Ազգային ժողովը մի արհեստածին ու կարճ կյանք ունեցող վիժվածք էին համարում՝ նրան հատկացնելով 1,5-2 տարվա կյանք։ Թերեւս նրանք նախապես համոզված էին, որ «դուխով»-ները իրենց տեղը չեն զիջելու «խելքով»-ներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ինքը ակնհայտորեն առաջինների շարքում է։
Բայց չպետք է մոռանալ, որ գոյություն ունի նաեւ հարցի երկրորդ՝ արտաքին-քաղաքական երեսը։ Թեեւ դեկտեմբերի 9-ին ընտրված խորհրդարանը նեղ անձնական շահերի առումով ձեռնտու է միայն իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, բայց արտաքին-քաղաքական առումով առաջին հերթին համապատասխանում է Ղարաբաղյան բանակցային ռինգում վերջինիս «սպարինգ-գործընկերոջ» դերին նախապատրաստվող Իլհամ Ալիեւին։
Այո, սա հենց այն է, ինչ երազում էր Ադրբեջանի ղեկավարը՝ մեկ անձի կամքից կախված քաղաքական դաշտ, որին բանակցային զիջումների դրդելու առաջադրանքը արդեն ոչ թե իր, այլ գերտերությունների ներկայացուցիչ միջնորդների խնդիրն է։
Նախորդ բոլոր իշխանությունների օրոք Հայաստանում իշխանության կամքը հակակշռվում էր Ազգային ժողովում ներկայացված մեկ կամ մի քանի ուժերի կողմից, որոնք միշտ էլ այլ կարծիք ունեին Ղարաբաղի հարցին փոխզիջումային լուծում գտնելու վերաբերյալ։
Ուրեմն Հայաստանի իշխանության Փաշինյան-մենատերը ուղղակի գյուտ է բոլոր տեսակի բոլթոնների համար, որոնք շուտով իրար հերթ չտալով կլցվեն Հայաստան ու Ադրբեջան՝ բանակցային գործընթացն արագացնելու եւ փոխզիջումային լուծումներ գտնելու պատճառաբանություններով փորձելով մեր հաշվին լուծել իրենց առջեւ կանգնած աշխարհաքաղաքական խնդիրները։
Թե ինչպես է ուտելու իր եփած ճաշը «հեղափոխության» առաջնորդը, ինքներս էլ չգիտենք։ Բայց հստակ գիտենք մի բան. նրան հակակշիռ է հարկավոր եթե ոչ խորհրդարանում, ապա նրա պատերից դուրս։ Եվ այդ հակակշիռը պետք է ձեւավորվի հնարավորինս շուտ։ Ով հստակորեն տեսնում է դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրությունների աշխարհաքաղաքական ենթատեքստը, նա հանգիստ նստելու իրավունք չունի։
Եթե պրոֆեսիոնալներից կազմված կառավարության ձեւավորման միջոցով իր «հեղափոխական» թիմին Ազգային ժողով քշելու խնդիրը Ն.Փաշինյանի, որպես քաղաքական գործչի, ապագայի հարցն է, ապա Ղարաբաղյան բանակցային գործընթացում սպասվող բարդ մարտահրավերների հաղթահարման առաջադրանքը մեր պետական ու ազգային արմատական շահերի տիրույթում է, եւ այստեղ սխալվելու իրավունք չունենք։
Մինչդեռ դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու խոշոր սեգմենտի.
Առաջինի մեջ մտնում են Ազգային ժողով անցած երեք ուժերը, որոնք ակնհայտորեն ի վիճակի չեն իրենց ուսերին տանելու խորհրդարանական գործունեության ծանր բեռը, ուստի շատ կարճ ժամանակամիջոցում դառնալու են հասարակական պարսավանքի առարկա։
Երկրորդի մեջ մտնում է փաստորեն Հայաստանի ողջ գաղափարակիր քաղաքական դաշտը, որը 2018-ի գարնան իշխանափոխության ներկա ավարտի հետ կապված հայտնվել է իսկական բրոունյան շարժման մեջ՝ այստեղ բացակայում է միայն առաջնորդող գաղափարը եւ այն կրող վառ անհատականությունը, որը կունենա ազգային նկարագիր։
Կարծում ենք, քաղաքական դաշտի համախմբումն ընդդեմ ապաքաղաքական խորհրդարանի բանաձեւը ներկա պահին որեւէ այլընտրանք չունի:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: