27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նման բան այսքան տարի չէինք տեսել ու լսել. Հայոց աշխարհ

Երկրագնդի ձգողականությունը եղել է միշտ, բայց որպեսզի մարդիկ իմանային նրա գոյության մասին, հարկավոր էր ճյուղից պոկված խնձորի անկմանը հետեւող Նյուտոնի մտքի պայծառացումը։ Եվ մեզ շրջապատող ու մեր ճակատագիրը տնօրինող բնության դեռ քանի՜-քանի՜ հզոր ուժեր են ընկած մարդկային ըմբռնողության սահմաններից անդին։  

Մենք ապրում ենք թերբացահայտված աշխարհում եւ հաճախ շարժվում սոսկ շոշափելով, ինչը երբեմն հանգեցնում է ողբերգությունների։ Հենց դրա համար էլ մարդկության կախարդական ակնոցը, իսկ դրա տակ նկատի է առնվում հանճարների մտքի պայծառացումը, անհրաժեշտ է, որպեսզի հասկանալով շրջապատող աշխարհն ու այնտեղ մեր զբաղեցրած տեղը, սովորենք կանխատեսել սեփական արարքների գոնե մոտակա հետեւանքները։  

Դեմոկրիտի, Պլատոնի, Գորգիասի, Արիստոտելի հայեցակարգերի իմաստը նրանց կենդանության օրոք հայտնի էր միայն իրենց սակավաթիվ զրուցակիցներին։ Այո՛, Արիստոտելը հանճար է։ Ո՞վ է վիճարկում։ Բայց որտե՞ղ էին նրան ճանաչում մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում։   

Լուսավորյալ Աթենքում, հայրենիքում՝ Էվբեոսում եւ Մակեդոնիայի թագավորի արքունիքում։ Միգուցե նրա աշխատությունները կարդում էին Սիրակուզում, Տարենտումում, գուցե նույնիսկ Օլբիայում, բայց ո՞վ։ Ճշմարտություն որոնողների ոչ մեծ խումբ, որոնց թիվը լավագույն դեպքում մի քանի տասնյակ էր։  

Իսկ բնակչության հիմքը՝ երկու միլիոն հելլեննե՞րը։ Բեոտիացի գյուղացիները, էտոլիացի ավազակները, հոնիական վաճառականները, սպարտացի ռազմիկները, արկադիացի հովիվները։ Չէ՞ որ Հելլադայի ազատությունը պաշտպանում էին հենց նրանք։ Եվ պատկերացրեք՝ առանց Արիստոտել կարդալու։  

Քարոզարշավը, Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, անցկացվում է հենց նրա համար, որ հասարակ մահկանացուները ծանոթանան հանճարների մտքի պայծառացումներին, հասկանան շրջապատող աշխարհը եւ այնտեղ մեր զբաղեցրած տեղը, ըմբռնեն կյանքի իմաստը։ Հենց քարոզարշավի ընթացքում են զանգվածները եզակի հնարավորություն ստանում մոտիկից ճանաչել հանճարներին։  

Ճիշտ է, այդ ծանոթությունը ոչ միշտ է լինում հօգուտ հանճարների։ Ինչպես, օրինակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պարագայում, որը հայտարարեց Սպիտակում. «Ոչ մի քվե մի տվեք ՀՀԿ-ին: Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, որովհետեւ չի կարելի ներել: Ինչքան փորձում ենք, այսպես ասած, լարումներ չմտցնել, սիրո եւ համերաշխության մթնոլորտ տարածել, ոմանք առիթավորվում են դրանից…  

Տո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին, էս ովքե՞ր են սրանք։ Բոլորին կպառկեցնենք ասֆալտին, ու տարիներով վեր չեք կենա այդ ասֆալտներից»։  

Եթե վերցնենք միայն խորհրդարանական ընտրությունները, ապա սա արդեն վեցերորդ քարոզարշավն է, որ լուսաբանում է «Հայոց Աշխարհ»-ը, բայց նման բան մենք չէինք տեսել ու լսել։ Չի եղել եւ ոչ մի դեպք, որ իշխանության ներկայացուցիչը, չենք խոսում արդեն պետության ղեկավարի մասին, կոչ անի մարդկանց ոչ մի ձայն չտալ քաղաքական մրցակիցներին։ Չի եղել ոչ մի դեպք, որ նախընտրական միտինգում հնչեն նման սպառնալիքներ։ Չի՛ եղել նման բան։   Ու սրանք, պարզվում է, փորձում են լարումներ չմտցնել, «սիրո եւ համերաշխության» մթնոլորտ տարածել։  

Իրականում դա սադրանքների մարտավարություն է։ Սադրանքը նման է ահաբեկչության։ Բայց դրանց միջեւ կա էական ու հաճախ անտեսվող նուրբ տարբերություն։ Ահաբեկչությունը ձգտում է ապակողմնորոշել հասարակությանը, ստիպել նրան տենդագին նետվել անլուծելի խնդիրների օղակի մեջ։ Սադրանքը նպատակ է դնում ուղղորդել հասարակությանն իրեն անհրաժեշտ ուղիով, ստիպել նրան պատասխանել մարտահրավերներին խիստ որոշակի ձեւով։ Սադրանքը ահաբեկչությունից վտանգավոր է։  

Սադրանքի իրականացման համար անհրաժեշտ է տեղեկատվության պակաս։ Այդ ժամանակ սադրանքը իրենով լրացնում է բացը։ Դա, թե կուզեք իմանալ, նույնն է, ինչ բնության մեջ, որտեղ էկոլոգիական խորշը լցվում է այլ տեսակներով։  

Օրինակ, ոչնչացվող գայլերի տեղը բազմաթիվ վայրերում զբաղեցնում են վայրենացած շների ոհմակները, որոնք ավելի վտանգավոր են ե՛ւ բնության, ե՛ւ մարդու համար։ Նրանք հասցրին փոխ առնել մարդկային վատթարագույն հատկանիշները եւ, ի տարբերություն գայլերի, խաթարում են բնական հավասարակշռությունը՝ դաժանաբար ոչնչացնելով հարեւան խորշերը։  

Ավելին՝ վայրենացած շները ոխերիմ թշնամանք են տածում մարդկանց հանդեպ, ի տարբերություն վայրի կենդանիների՝ չեն վախենում կրակից, հեշտությամբ շրջանցում են թակարդները, չեն արձագանքում որսորդների այնպիսի խորամանկություններին, ինչպիսիք են կարմիր դրոշակները եւ այլն։  

Սադրիչ ասեկոսեների (մասնավորապես, պաշտոնակատարի հայտարարությունը, թե իբր՝ կան ՀՀԿ-ական գյուղապետեր, որոնք վախեցնում են համագյուղացիներին) համեմատությունը վայրենացած շների ոհմակի հետ բնավ պատահական չէ։ Արագ լցնելով չբավարարված հետաքրքրասիրության տարածքները, նման ասեկոսեները կարող են սոցիալական մեծ վտանգ ներկայացնել։ Խորշը կլցվի կա՛մ «զանգվածների ստեղծագործությամբ», կա՛մ հմուտ սադրիչներով, որոնք հետապնդում են իրենց սեփական քաղաքական նպատակները։   Ըստ որում, շատ հաճախ նման սադրիչները կարողանանում են այնպես թաքցնել հետքերը պղտոր ջրում, որ տասը ջրասուզակ կփնտրեն դրանք, մինչեւ որ սադրիչները կգողանան նաեւ ջրասուզակներին։  

Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ իշխանությանը տվյալ իրավիճակում։ Միայն մեկ բան. դադարել զբաղվել քաղաքական մրցակիցների դեմ կատաղի հակաքարոզչությամբ եւ այդ կերպ ճնշում գործադրել ընտրողների վրա։   Չափիչ սարքերը կարող են պարզել, թե ինչքան աղ կամ պղպեղ է պարունակում ուտեստը, բայց համեղ է այն թե ոչ, կարող են ասել միայն ընտրողները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ