Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա անպայման կընտրեն Հանրապետականին. Արփինե Հովհաննիսյան
ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե մտահոգ են, թող սառը ցնցուղ ընդունեն:
«Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա անպայման կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե ՀՀԿ-ի պաստառները սգո սերվիսում են պատրաստվել, Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ նոր իշխանության ներկայացուցիչներն էին սգո պարագաներ օգտագործում.
«Արարատ Միրզոյանը լավ կանի՝ զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով, իր քարոզարշավով և այն ծանր բեռով, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում թողել է իր վրա՝ որպես առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի»:
Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ պաստառների վերաբերյալ գրել էր. «Փաստորեն գաղջը իրանց սիրած գույնն է, չեն կարողանում ձերբազատվել հին սովորությունից: Ով գիտի՝ ահագին էլ փող են տվել դիզայներին»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը զարմացավ, որ Արարատ Միրզոյանը գաղջը որպես գույն է դիտում.
«Առհասարակ, նոր իշխանությունների մոտ գունային ընկալումների խնդիր կա: Մարդ պետք է այնպիսի քարոզարշավ անի, որ երկրի վարչապետը, առաջին փոխվարչապետը, իրենց սպասարկող քաղաքական թիմը սևեռվեն քո արած դիզայնի վրա: Շնորհակալություն, Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիր բոլ-բոլ»: