23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուշանբեն դառնում է փխրուն և հեղհեղուկ ելման կետ

Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։ Լավ է, որ այն պահպանվում է, և սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։

Դա անժխտելի է։ Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, որ խաղաղության ամրապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ամրագրող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կարծես թե, դուրս են մղվում բանակցությունների օրակարգից։ Խնդիրն այն է, որ այդ պարտավորությունները բանավոր չեն, ամրագրված են դիվանագիտական խողովակներով և բանակցային գործընթացի շարունակության համար ստեղծված էր իրավական դաշտ ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմագրավելու և բանակցային գործընթացի շուրջ վերահսկելի վստահության միջավայր ստեղծելու նպատակով։

Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զսպելու և խաղաղություն ամրապնդելու մեխանիզմներ էին, որոնցից հրաժարվելը կնշանակի նաև դասեր չքաղել այդ պատերազմից, ինչպես նաև այդ պատերազմը Ադրբեջանի համար դիվանագիտական առումով թողնել անհետևանք:

Պատահական չէր, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր շրջանցել դրանց գոյությունը և կատարումը։ Այսօր ունենք իրավիճակ, երբ որևէ ինստիտուցիոնալ հիմք չպարունակող, Ալիևի ցանկություններից կախված և բանավոր Դուշանբեն դառնում է փխրուն և հեղհեղուկ ելման կետ, որին հղում արեց երեկ նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով, ի դեպ, ասաց նաև, որ հայկական կողմի առաջարկով է Ղարաբաղը ժամանակին դուրս մնացել բանակցություններից, այնինչ մեր պատասխանատվության ժամանակահատվածում մենք շարունակել ենք բանակցությունները արդեն ներկա ժառանգած ձևաչափով: Լավ է, որ սահմանին վիճակը հանդարտ է։

Վատ է, որ այդ հանգստությունը ոչ թե կայուն, երկարաժամկետ և ինստիտուցիոնալ է, այլ մեր ընտրություններից հետո բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելու համար նախատեսված թակարդ է հիշեցնում: Մնում է հասկանալ, թե ինչու և որ մակարդակով է հայկական կողմը հրաժարվում մեր զինանոցում եղած այս միջոցներից: Արդյոք դա արվել է վարչապետի, թե ԱԳՆ-ի մակարդակով: Եթե դա դիտավորություն չէ, ապա բանակցությունների համար պատասխանատու անձինք շատ կարճ ժամանակահատվածում պարտավոր են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը վերադարձնել սեղանին:

Արմեն Աշոտյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ