Տպավորություն է, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները փակում ենք. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում՝ 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կայանի կառուցումը կապահովի անհրաժեշտ հզորության պահուստ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի և միջհամակարգային կապերով հաղորդվող հզորությունների ապահովման և այլ ռեժիմային իրավիճակների կարգավորման համար, ինչպես նաև վթարային իրավիճակներում համակարգի կայությունուն աօպահովման համար:
«Ծրագրի իրականացման համար կներդրվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի վեց ամիս, որին կներգրավվեն 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործման դեպքում մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ կստեղծվի, որոնցից 50-70-նն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ «Siemens» ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար», – նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեման կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և բարդ թեմաներից է եղել, բազմաթիվ քննարկումներ են եղել:
«Մեր կառավարության ձևավորումից առաջ է կնքվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որով ՀՀ-ն պարտականություններ է ստանձնել: Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել: Գնի հետ կապված մենք խնդիր ունեինք, մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է և բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց: Տվյալ դեպքում մենք հասել ենք սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա», – ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրներ կան նախկինում սկսված ներդրումային ծրագրերի հետ կապված:
«Քաղաքական առումով շատ կարևոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանության չառաջանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստացվել, թե մենք օտարերկյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք, և այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար, և այս իմաստով նույնպես կարևոր ազդեցություն կունենա», – ասաց նա:
Ն. Փաշինյանը նշեց, որ ԿԲ-ն խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի հետ կապված, որն, ըստ նրա, իրոք մտահոգիչ կետ էր:
«Վրաստանում կառուցվել է նույնատիպ կայան և փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել: Նաև ժամկետներով ենք կաշկանդված, ժամկետների մեջ չտեղավորվելը՝ կնշանակի խզել: Մենք 5-6 օր ժամանակ ունենք, որը պետք է օգտագործենք վերջին նյուանսները ճշտելու համար: Դրանից հետո, երբ էներգետիկայի նախարարն ու փոխվարչապետն ինձ տեղյակ կպահեն, որ քննարկված է և այդ քննարկումների արդյունքներին տեղեկանամ, դրանից հետո նոր միայն էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը», – ասաց Նիկոլ Փաշինյանը: