Ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի
Ի տարբերություն շատ ու շատ համախոհ ընկերներիս՝ ես փարսախներով հեռու եմ այն մտքից, թե իբր «Նիկոլը հողերը ծախելու ա/ծախում ա/ուզում ա՝ ծախի»։ Համակարգային պարզ վերլուծությունը բավական է՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես երկրի ղեկավարի, առաջնային են դիտվում այլ՝ ավելի շատ ներքին կենտրոնադրում ունեցող օրակարգեր՝ կոռուպցիա, հավասարություն, նոր/տարբերվող որակի պետականաշինություն, «պատմական արդարության վերականգնում» և այլն։ Արցախի հարցը նրա մոտ տեղ ունի այնքանով, որքանով նման հարցը կարող է ու պետք է տեղ ունենա երկրի ղեկավարի օրակարգում, սակայն չունի այն ելակետային կողմնորոշիչի դերը, որ կար առաջներում։ Միով բանիվ՝ այս մասով ես մտահոգություն չունեմ։
• Իմ մտահոգությունն այլ է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկար տարիների ընդդիմադիր գործիչ՝ խմբագիր ու կուսակցապետ, մենտալ առումով վարժվել է պարզ լուծումներ որոնելու մտակաղապարին։ Դա բնորոշ է ոչ միայն իրեն, այլև գրեթե ամբողջ նախկին ընդդիմադիր դաշտին (և, ըստ էության, ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր զարգացող երկրների)։ Այս մարդիկ, որ առանձին վերցրած խիստ անհավանական թվացող պատահույթների մեկտեղման արդյունքում այսօր ստանձնել են պետության կառավարումը, «ռազմավարական պրոկրաստինատորներ» են՝ պատասխանատու գործողությունների չդիմող մինչև որոշակի «պարտադիր» պայմանների բավարարում՝ մինչև Սերժը չհեռանա, մինչև Կարենը չհեռանա, մինչև 100-օրյակի հանրահավաքը չլինի, մինչև խորհրդարանը չարձակվի, մինչև արտահերթ ընտրություններ չլինեն … մինչև։
• Ահա այստեղ է, որ վտանգ եմ տեսնում, որ ինչ-որ պահի (ոչ հիմա, տարիներ անց)՝ արտաքին ու ներքին այս կամ այն խորհրդատուների ազդեցությամբ, Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի»։ Կրկնեմ, որ «մինչևիստ ռազմավարական պրոկրաստինատորի» համար նման մտածողական կերպը խիստ հարազատ է, քանզի ուղեղը սովոր է բարդ խնդիրների լուծումը տեսնել պարզ(ունակ) հղացումներում։ Այդ մտածողությունն էր տիրապետող նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերում և քաղաքականության մեջ, ինչն ի վերջո հանգեցրեց նրա տապալմանը։
• Ինչ վերաբերում է բուն՝ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի» գաղափարին, ապա այն խիստ խոցելի և ամուլ պնդում է։ Դա փորձ է տնտեսական (բոլոր) հարցերը լուծել քաղաքական գործիքակազմով, ըստ որում՝ քաղաքականության ընդամենը մի՝ կոնֆլիկտի կառավարման ասպարեզում։ Անկախության առաջին օրվանից և հատկապես՝ 1998 թ․-ից հետո Հայաստանի սոցիալ-տնտեսական աստիճանական զարգացումը հուշում է, որ չնայած պատերազմի պատճառած անխուսափելի նյութական ու հոգևոր ծանրությանը՝ Հայաստանը զարգանում է, երբ կա զարգացման հստակ տեսլական ու քաղաքականություն։ Նույնն է հուշում նաև միջազգային փորձը․ Հայաստանի հետ միաժամանակ անկախացած Ղրղզստանում ու Տաջիկստանում վաղուց լուրջ պատերազմներ չկան, բայց այդ երկրները դրախտի չեն վերածվել, իսկ Իսրայելում, հակառակը, պատերազմը ոչ միայն չի խանգարում, այլև շատ հարցերում խթանիչ դեր է ունեցել այդ երկրի զարգացման համար։
Էդգար Էլբակեան