Ազգային Ժողովի դռները երբեք ժողովրդի առջեւ փակ չեն եղել. խնդիրը պետք է անվտանգության մասնագերտները քննարկեն
«Ազգային Ժողովի դռները երբեք ժողովրդի առջեւ փակ չեն եղել, Ազգային ժողովը եղել եւ մնում է ամենաբաց կառույցը, իսկ օրենսդիր մարմնի տարածք մուտքի սահմանափակումները պայմանավորված են անվտանգության խնդիրներով»,-Henaran.am-ի հետ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Բաղրամյան 26-ի դռները քաղաքացիների առջեւ բացելուց հետո հաջորդն ԱԺ-ը պետք է լինի:
ԱԺ փոխնագահի կարծիքով, հարցը մասնագիտական քննարկման առարկա է եւ նույնիսկ ԱԺ ղեկավարության որոշելիքը չէ: «Փաշինյանը 6 տարի պատգամավոր է եղել, բայց երբեք դրա մասին չի խոսել: Ոչ թե պետք է ժողովրդի ականջը շոյող հայտարարություններ անել, այլ քննարկել հարցը մասնագետների հետ միասին, արդյոք դա արդյունավետ է, թե ոչ, անվտանգության խնդիրներ կստեղծի, թե ոչ: Ճիշտ չի ԱԺ-ը համեմատել բաղրամյան 26-ի հետ, որը դարձել է արարողակարգային տարածք»,-նշեց ԱԺ փոխնախագահը ՝ հավելելով. «Եթե Փաշինյանն ասում է, որ կառավարությունը բաց է, չի նշանակում , որ այդպես է, որովհետեւ կառավարական մուտքը ոչ թե հրապարակի կողմից է, այլ Մելիք-Ադամյան փողոցի կողմից, որտեղ պարոն վարչապետն ու իր տեղակալները մեքենայով են մտնում եւ հասարակությունն այնտեղ մուտք չունի եւ դա շատ ճիշտ է: Դա անվտանգության խնդիր է, որը պետք է մասնագետները քննարկեն»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, հարցը քաղաքականացնելը սխալ է, որովհետեւ այն ազգային անվտանգության տիրույթում է եւ պետք է մասնագետները որոշեն: «Եթե այսօր վարչապետն ասի՝ կառավարության Մելիք-Ադամյան մուտքը բացեք, ես դրան դեմ կլինեմ: եթե ԱԱԾ-ն կորոշի որ ԱԺ-ի անվտանգության դիրքը պետք է հանել, թող հանեն, դա մեր որոշելու հարցը չէ: Ի վերջո, մենք Հոկտեմբերի 27 ենք տեսել եւ ԱԺ-ում անվտանգությունն ուժեղացվել է հոկտեմբերի 27-ից հետո»,-ասաց Շարմազանովն ու շեշետեց. «ԱԺ թե նախագահի, թե փոխնախագահների դռներն ու հոգիները ժողովրդի համար միշտ բաց են եղել եւ այսօր էլ բաց են»: