ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. է. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում:
«ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: Դեսպանն իր հերթին կարեւորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը:
Ընդգծելով, որ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարեւորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները: