27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից:

Այս մասին նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է «Արցախպրեսը»: 

«Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու համար երկրի իշխանությունների դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Այն հանգամանքը, որ 1990-ականներին, երբ Արցախը անմիջապես մասնակցում էր բանակցություններին, մենք ունեցել ենք կոնկրետ արդյունքներ զինադադարի հաստատման եւ դրա ռեժիմի ամրապնդման մասին՝ հիմնարար փաստաթղթերի տեսքով, արդեն իսկ հաստատում են այն տեսակետը, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է։

Այսօր միջնորդներին չի հաջողվում անգամ ապահովել բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայմանները, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ներկա ձեւաչափը չի բավարարում արդյունավետ կարգավորմանը։ Այսքանով հանդերձ, եթե ներկայումս հակամարտության ոչ բոլոր կողմերն են գիտակցում այս պարզ իրողությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ հայկական կողմերը պետք է դադարեն շրջանառել Արցախի մասնակցության թեման, քանի որ, ի վերջո, հարցի լուծումը կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե վերջինս համապատասխանի Արցախի ժողովրդի ակնկալիքներին»,- ասել է Ղուլյանը:

Արցախի ԱԺ Նախագահն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի վերսկսմանը` նշելով, որ Արցախը գործ ունի Ադրբեջանի՝ անկանխատեսելի սուբյեկտի հետ:

«Այս հանգամանքը մեզ պարտավորեցնում է չկորցնել զգոնությունը, այդ թվում՝ պատերազմի հանկարծակի վերսկսման հանդեպ։ Ադրբեջանը երբեւէ չի թաքցրել խնդիրը ռազմական եղանակով լուծելու ցանկությունը։ Զինադադարի համաձայնության պարբերական խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը եւ սահմանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված մեխանիզմների ներդրման բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարումը միայն հաստատում են այդ երկրի վարչախմբի ռեւանշիստական հավակնությունները։ 2016 թվականի ապրիլից հետո մենք ավելի համակողմանի ենք արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս ընթացքում ամրացրել ենք սահմանագիծը, տեխնիկապես վերազինել պաշտպանական դիրքերը։ Սակայն անվտանգության ապահովման գործը միայն մեր պարտավորությունը չէ»,- ասել է ԱՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են արտերկրում կրում Արցախի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, Աշոտ Ղուլյանը նշել է, որ դրանք առաջին հերթին միջնորդ երկրներն են:

«Եթե խոսում ենք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանման ու պատերազմի կանխման քաղաքական լծակների մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է միջնորդներին՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ անդամ երկրների»,- ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ