ՀՀԿ-ն քաղաքական զարգացումներում որևէ սցենար չի բացառում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տված իր հարցազրույցում հայտարարեց, որ եթե վերադարձել է քաղաքականություն, ապա կարելի է ենթադրել, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Անդրադառնալով հարցին՝ ովքեր կլինեն իր հենարանները քաղաքական դաշտում, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ չգիտի:
Henaran.am-ի թղթակիցը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, փորձեց ճշտել՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը կմիանա և կսատարի Ռոբերտ Քոչարյանին: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀԿ խոսնակն ասաց, որ նախ պետք է հստակեցնել՝ երբ են լինելու արտահերթ ընտրությունները և առհասարակ լինելու են դրանք թե՝ ոչ:
«Ես իմ անձնական կարծիքը արտահայտելով կարող եմ ասել, որ շատ հարցրերում Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի կարծիքները համընկնում են: Դա կապված է և՛ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵՏՄ-ի և, բնականաբար, Մարտի 1-ի շինծու դատավարության հետ»,-ասաց նա և հավելեց՝ նոր կառավարության ապաշնորհ գործունեության հետ կապված ևս ՀՀԿ-ի և Քոչարյանի կարծիքները մոտ են:
Շարմազանովի խոսքով՝ չնայած նրան, որ իրենք որևէ սցենար չեն բացառում, բայց կուսակցությունում դրա վերաբերյալ դեռևս կոնկրետ քննարկում չի եղել. «Քաղաքական զարգացումները կհանգեցնեն մեր ապագա գործողություններին»,-նշեց նա:
ԱԺ փոխնախագահն այսօր առաջնային է համարում գաղափարների շուրջ համախմբվելը՝ հանուն Հայաստանի պետական շահի: Ըստ նրա՝ մի բան հստակ է, որ իրենք երբեք չեն միավորվում անձերի շուրջ և անձերի հետ. « Հանրապետականը նախ և առաջ գաղափարախոսություն և ազգային պահպանողականություն է: Եթե այս պայքարում մեր օրակարգերը համընկնեն, ոչ միայն Քոչարյանի այլև ուրիշ շատ քաղաքական ուժեր կան, որոնց հետ մենք կհամագործակցենք»,-ասաց ԱԺ փոխնագահը:
Վերջինս փաստեց, որ ՀՀԿ-ն բազմիցս է ապացուցել, որ իր թերություններով և իր սխալներով հանդերձ ազգային ուժ է և հստակ հարցերում հստակ գաղափարախոսություն և դիրքորոշում ունի: «Ոչ ոք չի կարող ասել, որ Հանրապետականը ազնիվ քաղաքական ուժ չէ: Ես նույնիսկ խորհրդարանում ներողություն եմ խնդրել մեր սխալների և մեր թերությունների համար»,-հավելեց նա: