Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն
Դիտարկում եմ, որ կարղ եմ դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը. ակնկալում եմ, որ այդպես է լինելու: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Առաջին հերթին իբրեւ հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ առաջին հերթին փորձում է հույսը դնել իր վրա եւ իր շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա. «Որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերին, Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ անուններ հնչեցնել եւ այդ կուսակցությունների անունից որեւէ բան ասել։
Նա ընդգծել է, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետեւաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։
«Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջեւ, եւ ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջեւ եւ հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, եւ մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում եւ, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձեւով, հիմնովին եւ երկարատեւ»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին. «Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար կարելի է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Երևի վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա, դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է: Ցանկանում եմ հիմա ազատ թողնել հնարավոր ձևաչափերի հարցը, չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսել, հիմա ճիշտ է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց վրա ուղղված է լինելու քո գործունեությունը և այն ապագա ընտրողների զանգվածը , որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո հենարանն ապագայում: Այս պահին սրանք են հիմնական խնդիրները կոնկրետ ինձ ու այն թիմի համար, որը ձևավորվում է»,- ասել է նա։
Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի բացառում, այլեւ ակնկալում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։