Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ. Պավել Ֆելգենգաուեր
Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը հայկական կողմն «աննախադեպ» է որակում։ Այդ պայմանագրով նախատեսվում է Հայաստանում հիմնել Կալաշնիկովի նոր АК-12 և АК-1 նմուշների արտադրություն։
Մինչդեռ ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը տեղյակ էլ չէ պայմանագրից։ 168.am-ի հետ զրույցում Ֆելգենգաուերը կարծիք հայտնեց, որ դժվար թե դա լուրջ պայմանագիր լինի։
«Դե, ասենք, Հայաստանում հին կալաշնիկովներ կարտադրեն, և ի՞նչ։ Դա ոչինչ չի փոխում։ Կալաշնիկովը վաստակավոր, բայց հնացած զենք է, չնայած այն դեռևս օգտագործում են շատ վայրերում՝ քուրդերը և այլք։ Թե ի՞նչ իմաստ ունի Հայաստանում գործարան կառուցել, ես չգիտեմ»,- ասաց փորձագետը։
Նրա կարծիքով, թեև «Կալաշնիկով գրուպը» 2014-ից ամերիկյան պատժամիջոցների տակ է, սակայն Հայաստանին այս պայմանագրի պատճառով պատժամիջոցներ չեն սպառնում.
«Ամենայն հավանականությամբ, որևէ նման սպառնալիք չկա, բայց ես դա հաստատապես չեմ կարող ասել»։
Անդրադառնալով կառավարության գործունեության 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե` «3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ», Պ. Ֆելգենգաուերը նշեց, որ ռուսական շրջանակներում նման նախագծի մասին տեղեկություն չկա։
«Ես չգիտեմ՝ նա ինչ է ուզեցել ասել դրանով, բայց վերջին շրջանում Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ և որոշակի լարվածություն կա»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ. «Ամեն դեպքում, լարվածություն կա, և այդ պատճառով է նաև փորձում խոսել համատեղ ծրագրերի մասին, անգամ, եթե դրանք սկզբունքորեն այնքան էլ լուրջ չեն»։