24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում Ռ. Քոչարյանին կալանավորելու որոշումը. հայտարարություն

Այն մեղադրանքը, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Մեր կուսակցությունը եւ անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների  դեմ ենք եղել:

Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ:

Այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից ի՞նչ է տեղի ունեցել 2008 թ. մարտի 1-ին:

Սկսած 1996 թվականից՝ նախագահական ընտրությունները միշտ անցել են բազմաթիվ կեղծիքներով: Նույնն էին նաեւ 2008 թ. ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքներով, ըստ պաշտոնական տվյալների, թեկնածուներից երեքն էին ստացել գերակշռող ձայներ. Սերժ Սարգսյան՝ 52,8%, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 21,5% եւ Արթուր Բաղդասարյան՝ 17,7%։

Այդ առումով սա տարբերվում էր 1996-ի իրավիճակից, երբ պայքարը գնում էր երկու հոգու միջեւ՝ ընդդիմության թեկնածուի (41%) եւ իշխանության թեկնածուի (51,3%)։ Ընդ որում, 1996 թ. մենք հսկայական, հատորներով ապացուցային բազա ներկայացրինք Սահմանադրական դատարան։ Այսուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, եւ եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի։

Նույնպիսի իրավիճակ ստեղծվեց 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեկնածուները Ռոբերտ Քոչարյանը եւ Ստեփան Դեմիրճյանն էին: Արդյունքների հրապարակումից հետո ժողովուրդը վրդովված շրջափակեց ԿԸՀ-ի շենքը, եւ ժողովրդի ճնշման տակ վերահաշվարկից հետո հայտարարվեց երկրորդ փուլ։

2008 թվականի ընտրությունների ժամանակ ընդդիմության ապացուցային բազան շատ թույլ էր, եւ Սահմանադրական դատարան գրեթե լուրջ բան չներկայացվեց, չնայած պարզ էր, որ կեղծիքներ տեղի էին ունեցել։ Բայց քանի որ երեք հոգու մեջ բավական շատ ձայներ էին բաժանվել, լավագույն քաղաքական պնդումը, որ ընդդիմությունը կարող էր անել, երկրորդ փուլի գնալն էր։ Փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն է հաղթել, 60 տոկոս է հավաքել եւ պետք է դառնա նախագահ, ապա փորձեց բոլոր միջոցներով իրականացնել իր ոչ սահմանադրական պահանջը։ Եվ քանի որ ժողովրդի մի մեծ հատվածում բավական զգալի դժգոհություն կար իշխանությունների  նկատմամբ՝ կապված ոչ միայն ընտրությունների հետ, օգտվեցին այդ դժգոհությունից եւ բորբոքեցին այն, սկսվեցին պերմանենտ հանրահավաքներ: Իշխանությունները փորձեցին ցրել այդ հանրահավաքները:

Այդ ստանդարտ իրավիճակը, որ եւ՛ մեր երկրում էր նախկինում եղել, եւ՛ այլ երկրներում, անսպասելի վերափոխվեց ոչ ստանդարտ իրավիճակի եւ վերահսկողությունից դուրս եկավ։ Զոհեր եղան երկու կողմից՝ եւ՛ ուժային կառույցների, եւ՛ ցուցարարների։ Այստեղ կա՛մ երկու կողմ կա, եւ պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կա՛մ կա երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը:

Ամեն դեպքում պետք է պարզել, թե ով է սկսել կրակել, ում հրամանով է դա եղել, եւ ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի հայտ գալ։ Հնարավո՞ր է դա բացահայտել, թե ոչ, չեմ կարող ասել, բայց այդ խորհրդավոր դեպքերը պետք է քննել մինչեւ վերջ։ Մեզ  համար կարեւորը միայն Ռոբերտ Քոչարյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին գնահատական տալը չէ, այլ հասկանալ, թե ինչպես ստանդարտ իրավիճակը, որ միշտ Հայաստանում կրկնվում էր, հանկարծ վերաճեց սպանությունների, մեքենաներ վառելու, խանութներ ջարդելու եւ այլն։

Սիրելի՛ ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունեք նախկին բոլոր իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են  մեզ ու հանրապետությունը, հասկանում եմ այն գոհունակությունը, որ զգում եք, երբ նրանցից ոմանք պատժվում են: Բայց ամեն ինչ պետք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ եւ վրեժխնդրություն:

Դժգոհելով անցյալից, երբեմն հիմնավորված, երբեմն անհիմն, պետք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից՝ 1918 թվականից ի վեր, սկզբում Դաշնակցության ղեկավարությամբ, հետո կոմունիստների, Հայոց համազգային շարժման, Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ տարիների ընթացքում մեր ժողովրդի ջանքերով բոլոր սխալների հետ ունեցել ենք մեծ ու փոքր հաղթանակներ, ստեղծվել է հզոր պետական մեքենա, եւ չպետք է այն քանդել, պետք է այն կատարելագործել եւ գնալ առաջ:

Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ եւ այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ եւ մեկուսացում միջազգային ասպարեզում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ