25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինվորի մոր նամակը Դավիթ Տոնոյանին

Սպայի զենքով կյանքի համար չափազանց վտանգավոր վիրավորում ստացած զինվորի մոր բաց նամակը ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

Հարգելի պրն. Տոնոյան, Այս նամակիս նպատակն ու պահանջս մեկն է՝ մեր զինված ուժերից արմատախիլ անել այնպիսի սպաների, որոնք կարող են զինվորի գլխին զենք բարձրացնել ու նրա կյանքի համար անհամատեղելի չափազանց վտանգավոր վնաս հասցնել, ով շարունակում է իր ծառայությունը:

Աստված ո՛չ անի, եթե այս սպայի ենթակայության տակ ծառայեն  Ձեր կամ ՀՀ վարչապետի որդինե՞րը: Իհարկե, Դուք իմանալով այս սպայի արարքի մասին, երբե՛ք նրան չեք վստահի Ձեր որդու ծառայությունը, իսկ ես ու ինձ նման բազմաթիվ ծնողներ չունենք այդ հնարավորությունն ու արդյունքում՝  այսպիսի ողբերգություն է ապրել մեր ընտանիքը:

Որդիս՝ Ալբերտ Դալլաքյանը, 2015թ.-ին Ռուսաստանից տարկետում վերցնելով պետական համալսարանի երկրորդ կուրսից, կամավոր եկավ Հայաստան՝ Հայոց բանակում ծառայելու:  2016թ.-ի հունիսի 24-ին դիրքերում՝ գետնատնակում սպան լիցքավորելով զենքը  կրակել է որդուս գլխին:

Աստծո հրաշքով և Զինվորական հոսպիտալի  բժիշկների շնորհիվ որդիս ողջ մնաց: Սակայն արդեն երկու տարի է, կարծես դժոխքի միջով ենք  անցնում. գլխի 6 բարդ վիրահատություններ և դրան էլ զուգահեռ դատավարություններ, որոնց մասնակցելու համար ստիպված որդուս  հիվանդանոցում թողել եմ մենակ և  մեկնել Արցախ: Բայց անարդարությունն այդպես էլ շարունակվում է: Ինչպե՞ս է հնարավոր առաջնագիծ պահող զինվորի գլխին զենք բարձրացրած սպան առանց պատժի շարունակի ծառայել համակարգում:

Դատարանը վճռել է երկու տարի պայմանական դատապարտել Ավագ Նահապետյանին, ինչը, իմ համոզմամբ, համարժեք չէ իր կատարած հանցանքին: Դատական նիստերի ընթացքում իր պահվածքից հասկացել եմ, որ նա  խղճի խայթ չի զգում, անգամ չի էլ գիտակցում իր կատարած  հանցագործության լրջությունն ու հետևանքները:  Բացի այդ շուրջ երկու տարի տղայիս վիրահատությունների համար ողջ աշխարհի հայությունը ոտքի կանգնեց՝ հոգալով բոլոր ծախսերը: Մինչդեռ Նահապետյանը, ով այդ ողջ ընթացքում շարունակել է ծառայել  Զինված ուժերում, որևէ մարդկային քայլ չի դրսևորել  տղայիս նկատմամբ,  անգամ չի էլ հետաքրքրվել նրա առողջության մասին: Ի՞նչ երաշխիք կա, որ նա այլևս չի կրկնի այդ հանցանքը: Հարգելի պրն. նախարար, Ձեզ գրում եմ հույսով, որ արդարություն կհաստատեք այս գործի մասով: Իսկ որպես հայ մայր, խնդրում եմ ուղղակի, մեր երկրի պաշտպանության գործը չվստահել մարդկանց, որոնց համար զինվորի գլխին զենք բարձրացնելը առօրյա վարքագիծ է:

Կանխավ շնորհակալ եմ:

Արմինե Ղազարյան (Ալբերտ Դալլաքյանի մայր) 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ