Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածը անձնական հաշվեհարդար է. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածը անձնական հաշվեհարդար է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար տարվում, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք չենք քննարկում իրադարձություններ, որոնք 100-200 տարի առաջ են տեղի ունեցել: Մենք լավ հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել: Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում պարտվել է, փորձել է ներքաշել ԵԿՄ-ին քաղաքական պայքարի մեջ: Հարթակից գոռում էին՝ «Ման–վել, Ման–վել», «Գա–գիկ, Գա–գիկ»:
Հետո կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, որոնք թավշյա, խաղաղ չէին, դրանք զանգվածային անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց տասը մարդ: Եվ հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրվում է: Ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր, թիմակիցները ոչ թե զանգվածային անկարգություն էին կազմակերպում, «դուբինկաներ» խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը, իսկ գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը»:
Նա հարց տվեց՝ ո՞վ է տասը տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին կեղծիք տարածել: «Սրանք հանրահայտ փաստեր են: Մեզ մնում է պարզել՝ Բերյան ով է, մենք իրեն գտնելու ենք, նա պատժվելու է: Սա Հայաստանն է, այստեղ իրավական «բեսպրեդել» չի լինելու: Պաշտոնաթող նախագահի նկատմամբ անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»,- ասաց գրասենյակի ղեկավարը