Խաչատուրովը հերքեց իր դեմ ներկայացրած մեղադրանքը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում դեմ մեղադրանք է ներկայացված Մարտի 1-ի գործով, ժամանեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Խաչատուրովը անպատասխան թողեց հավաքված լրագրողների կողմից հնչեցված հարցերը:
Մի քանի անգամ հնչեցրած այն հարցին, թե արդյոք ընդունում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, Խաչատուրովը պատասխանեց՝ ոչ:
ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:
Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: