25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անձնական նպատակների համար օգտագործած գումարները կարճ ժամկետներում վերադարձրել է հիմնադրամի հաշվին, այս մասին նշված է հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանի հայտարարության մեջ:

Թերզյանը Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը պաշտոնապես ստանձնել է 2018-ի հուլիսի 19-ին, մինչ այդ մեկնել է Երևան և հուլիսի 15 ու 16-ին հանդիպումներ ունեցել պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև Հիմնադրամի երևանյան գրասենյակի անձնակազմի հետ:

«Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից»,- նշված է Թերզյանի հայտարարության մեջ:

Այդուհանդերձ, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր:

«Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար»,- նշել է Թերզյանը:

Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննելու է մրցութային հանձնաժողովը (ժյուրիի) սեպտեմբերի 10-ին՝ Թերզյանի նախագահությամբ:

Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ անցյալ 26 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:

«Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ Հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության»,- եզրափակել է Թերզյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, գումարներն օգտագործել է անձնական նպատակներով` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 10-ին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ