Պոպուլիզմը պետք է սահման ունենա. քննարկում են Ընտրական նոր օրենսգրքը
Խորհրդարանական ուժերը քննարկում են Ընտրական նոր օրենսգրքի շուրջ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ներկայացրած առաջարկները:
1-ին առաջարկը, որը վերաբերում է ընտրությունների անցկացման տարածքային ռեյտինգային համակարգը վերացնելուն և բաց ցանկերով համամասնական ընտրակարգին անցում կատարելուն, աջակցություն չստացավ «Ծառուկյան» խմբակցության կողմից, իսկ ՀՀԿ-ն պատասխանեց, թե «հնարավոր» են համարում:
2-րդ առաջարկը՝ ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգի ձևավորում, քաղաքական ուժերը համարեցին «անհավանական»:
ՀՅԴ-ի 3-րդ առաջարկը, որը վերաբերում է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3-րդ շեմի նվազեցմանը, ընդունվեց քաղաքական բոլոր ուժերի համաձայնությամբ:
Քաղաքական ուժերի միջև կոնսենսուս չձևավորվեց նաև ՀՅԴ 4-րդ առաջարկի շուրջ՝ ոստիկանությունում ստեղծել ստորաբաժանում, որը կզբաղվի ընտրական գործընթացի հարցերով:
«Պոպուլիզմը պետք է սահման ունենա: Ընտրությունները 5 տարին մեկ են անցկացվում, մյուս տարիները ի՞նչ պետք է անի հատուկ ստորաբաժանումը: Ոստիկանությունը միշտ էլ ունեցել է ֆունկցիա, որովհետև խոսքը հանցագործության մասին է»,- ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Երկար քննարկվեց ՀՅԴ առաջարակը՝ ընտրություններից առաջ, ողջամիտ ժամկետներով դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործություն իրականացնելու բացառումը, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունը ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անունների հետ:
ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը դեմ է, որովհետև կարող են բացել «քաղաքացիական պայմանագրեր» բարեգործական կազմակերպություն և աշխատել, քանի որ չի համընկնում: Ըստ նրա՝ ընտրական գործող օրենսգրքում կա հստակ սահմանում, որը կարգավորում է հարցը:
«Հիմա ես «Դաշնակցություն» բարեգործական կազմակերպություն ստեղծեմ ի՞նչ եք անելու»,- ասաց Սերգեյ Բագրատյանը: Արմեն Ռուստամյանն էլ կատակեց, թե 125 տարվա պատասխան կտան:
Բագրատյանն ասաց, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն անունով են մասնակցելու, պետք չէ «դրա համար օրենքը չարչարել»: Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ ինքը նրանց անունը չտվեց: