Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության
Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով «Երեւան» հիմնադրամի գործով ստուգումների մասին, նշեց, որ դրանք ավարտական փուլին են մոտենում:
Վանեցյանը հայտարարեց, որ հիմնադրամի գործի ծավալները շատ մեծ են եղել: Սակայն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել հարցաքննության:
«Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենի փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել. «Ունեցվածքը, որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ, երբ Մարգարյանին ցանկանան հրավիրել հարցաքննության, նա այլեւս երկրում չլինի, Վանեցյանը բացառեց: