Որտեղ է Փաշինյանի հռչակած օրենքի հավասարությունը
Վերլուծաբան Հայկ Նահապետյանը կարծում է, որ ՀՀ ոստիկանությունը համարժեք չի արձագանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նո՛ր Հայաստան, Նո՛ր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։
«Ոստիկանությունն իրեն համարժեք չի պահում, թե ինչու, ցանկացած հայ եկեղեցու զավակ ինքը կարող է հետեւություններ անել» – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն ներխուժումից հետո մի քանի օր շարունակ ոստիկանության դրսևորած կեցվածքը, ապա Գնդեվանքի դեպքերին արձագանքը դրա վկայությունն են։
«Դիվանատուն ներխուժումը նախ եւ առաջ եկեղեցու զավակների իրավունքների խախտում էր, բացի այս, նաեւ տվյալ տարածքում ծառայությունն իրականացնող հոգեւորականների, եւ ոստիկանությունը առնվազն վարչական վարույթ պետք է հարուցեր։ Իսկ Գնդեվանքում, երբ Վեհափառը դուրս եկավ եւ մի քանի հոգի փորձում էին նրա պարանոցից բռնել, հրմշտել, ուղղակի բռնության փորձ էր» – ասաց մեր զրուցակիցը եւ հիշեցրեց, որ միայն ՄԻՊ գրասենյակի արձագանքն էր օպերատիվ եւ համարժեք։ Այնտեղ նշվեց, որ դա սպառնալիք է ոչ միայն քաղաքացու, այլեւ հոգեւոր առաջնորդի նկատմամբ։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Հայկ Նահապետյանը հիշեց նրա հռչակած կարգախոսը, որ Հայաստանում չպետք է լինեն իրենց օրենքից վեր դասող մարդիկ։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է իրականություն դառնա այս սկզբունքը, որեւիցե մեկը օրենքից վեր չպետք է լինի, ինչը սակայն տվյալ պարագայում ես չեմ տեսնում» , – նշեց Հայկ Նահապետյանը։