Նման համագործակցությունները ժողովրդական դիվանագիտության լուրջ միջոցառումներ են
Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կոմիտաս» փառատոնը, որի ժամանակ համատեղ ելույթով հանդես կգան «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը» եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
«Կոմիտաս» փառատոնի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ այս միջոցառումները կլինեն շարունակական:
«Ամեն տարի Հառիճավանքում, Կոմիտասի ծննդյան օրը մենք համերգ ենք ունենում, և երբ 2017 թվականին «Կոմիտաս» փառատոնը պաշտոնապես գրանցվեց, առաջին հյուրը եղավ «Փարիզի ճամփորդող երիտասարդներ» երգչախումբը: Այն երկրը, որտեղ այցելում են նրանք, սովորում են այդ երկրի երգերը և հաջորդ շրջագայության ժամանակ երգում են հենց դրանք». -նշեց Հեքեքյանը:
Հաքեքյանի խոսքով՝ հաճելի զուգադիպությամբ փառատունին մասնակից մյուս խումբը՝ «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը» ևս Ֆրանսիայից է: Նա նշեց, որ սա մանկական շատ հայտնի երգչախումբ է, որը երգել է աշխարհի տարբեր մեծ բեմերում:
«Սրանք համերաշխության, բարի կամքի, մերձեցման շատ լավ խորհրդանիշ են, և նման համագործակցությունները ժողովրդական դիվանագիտության լուրջ միջոցառումներ են»,-ընդգծեց նա և հավելեց, որ փառատոնը լինելու է ամեն տարի և ամբողջ տարվա կտրվածքով:
Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշենի խոսքով՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում նման համերգով ներկայանալը. « Մեր երգչախմբի առանձնահատկությունն այն է , որ մենք առաջարկում ենք օպերային երաժշտություն, բայց դրան զուգահեռ նաև հայ և ֆրանսիական հոգևոր երաժշտություն ենք մատուցում»,-ասաց նա:
Նշենք նաև, որ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
Առավել մարամասն՝ տեսանյութում: