ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի՞ առաջադրի
Իմ տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել: Այս մասին ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:
Նրա տեղեկություններով՝ «Հանրապետականը» ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:
«Ես որքան հասկանում եմ, ո´չ թեկնածու պետք է առաջադրվի և ո´չ էլ ընտրություններին են մասնակցելու»,- նշեց Ենոք Ազարյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին» որոշման նախագծին:
Երևանի ավագանու խմբակցություններից միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է հայտարարել քաղաքապետի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել. «Վաղը կքննարկենք՝ մասնակցելու ենք ընտրություններին, թե ոչ: Եթե մասնակցելու ենք, կհրապարակենք նաև քաղաքապետի թեկնածուի անունը»,- հայտնել էր Դ. Խաժակյանը: