Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա. նվիրված կանանց
Մի կյանք արժե
Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
– Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:
Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:
Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
Մի համբույրից`անապատը կծաղկի,-
– Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:
Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
– Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:
Կինը աստծո հարսն է
Կինը աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը:
Աստծո գինին անմահական`
Հարբեցնում`աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային…
Այնինչ, որպես իր մորն արթուն`
Աստված էլ է մորը պաշտում:
Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
Մեղք է մայրս աստվածապաշտ:
Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
Որ մեծ մայրն է մորս կյանքի,
Հրաշք մայրն է տիեզերքի:
Կնոջ սիրտը
Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, –
Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
Համբույրներիդ գինին սրտանց վերցնել:
Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական,
Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ,
Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան
Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ:
Հովհաննես Շիրազ